ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա՝ պնդելով, որ երկու երկրներն «արդյունավետ» բանակցություններ են վարում վեց ամիս շարունակվող պատերազմին վերջ դնելու շուրջ, գրում է Reuters-ը։
«Մենք արդյունավետ բանակցություններ ենք վարում Իրանի հետ։ Մենք որևէ պահի հարձակում չենք գործի Իրանի վրա՝ մինչև նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրությունները»,- գրել է նա Truth Social սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ։
Լրատվամիջոցը նշում է, որ պատերազմը, որը սկսվել է փետրվարին, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ հասցրին Իրանին, նպաստել է Թրամփի ներքին քաղաքական վարկանիշի անկմանը և լուրջ ճնշում է գործադրում նրա Հանրապետական կուսակիցների վրա, որոնք նոյեմբերին կայանալիք ընտրություններում ձգտում են պահպանել օրենսդիր մարմնում մեծամասնությունը։ Ամերիկացիների շուրջ 60%-ը, այդ թվում՝ հանրապետականներից յուրաքանչյուր չորրորդը, հավանություն չի տալիս Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում Թրամփի գործողություններին։ Այս մասին են վկայում Reuters/Ipsos-ի վերջերս անցկացված հարցման արդյունքները։
Հակամարտությունը հանգեցրել է բենզինի գների կտրուկ աճի այն ժամանակ, երբ ընտրողները նշում են, որ իրենց հիմնական մտահոգությունը կյանքի թանկացումն է։
Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ակնկալում է նավթի գների նվազում ընտրություններից հետո, սակայն պատերազմն ավարտին հասցնելու հստակ և մանրամասն ծրագիր չի ներկայացրել։
Վերջին շաբաթներին Իրանն ու ԱՄՆ-ն առաջարկներ են փոխանակել՝ ուղղված պատերազմին վերջ դնելուն և Հորմուզի նեղուցի վերաբացմանը։ Թրամփը մերժել էր Թեհրանի վերջին առաջարկը։
Նախօրեին Իրանի պետական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարին, հայտնել էին, որ Թեհրանը չի հրաժարվի ուրանի հարստացումից և չի հանձնի ուրանի իր պաշարները։ Այս հայտարարությունն արվել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Reuters-ին տված հարցազրույցից մի քանի օր անց։ Վենսը հայտարարել էր, որ Իրանը պետք է «էականորեն կրճատի» հարստացման իր կարողությունները։
ԱՄՆ-ը, Իսրայելը և նրանց արևմտյան դաշնակիցները վաղուց մեղադրում են Իրանին միջուկային զենք ստեղծելու ձգտման մեջ, սակայն Իրանը հերքում է այդ մեղադրանքը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի