«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ հայտնի դարձավ, որ «Գուստավ» ռեստորանի արդեն նախկին մենեջերը սանհանգույցում իր սեփական հեռախոսը գաղտնի տեղադրել է դարակում և նկարահանել այցելուներին։ Այս մասին այդպես էլ, գուցե, հայտնի չդառնար, եթե այցելու աղջիկներից մեկը պատահաբար չտեսներ այն։

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին՝ կիրակի երեկոյան, երբ Կարինան իր նշանածի հետ այցելել է ռեստորան, ապա մտել սանհանգույց։

«Լվացվեցի, ու երբ անձեռոցիկն օգտագործելու պահն է գալիս, չեմ գտնում, աջ ու ձախ եմ նայում, հնարավոր է՝ մի քիչ հոգնած, թափթփված եմ լինում, չեմ տեսնում ու այդ պահին մտածում եմ, որ ներքևի հատվածում է դրված։ Այդ հատվածում կա պահարան, լվացարանի տակ դարակ կար, որն անցք ուներ, որտեղ այդ անձեռոցիկները նետում են։ Նայում եմ այդտեղ ու տեսնում՝ թեքված է կամերա, ու կամերան այնպես է թեքված, որ տեսնի այն հատվածը, որը չպետք է երևա»,- ասում է նա։

Աղջկա խոսքով՝ հեռախոսը հայտնաբերելուց հետո կանչել է ընկերոջը և դիմել «Գուստավ»-ի մենեջերին․ րոպեներ անց պարզվել է՝ սանհանգույցում տեղադրված հեռախոսը նրան է պատկանում։

«Մենեջերը հեռախոսը վերցրեց, բլոկ գցեց ու դնում է իր գրպանը՝ ասելով՝ «ես կպարզեմ այս հարցը, ես կիմանամ խնդիրն ինչումն է», և նմանատիպ մի երկու բան։ Նշանածս ասում է, որ պետք է բացենք այդ հեռախոսը, հեռախոսի մեջ վիդեոներ կան, դրանք պետք է ջնջվեն։ Մենեջերն ինքն էլ էր շոկի մեջ ու չէր հասկանում՝ ինչ է կատարվում, երևի չէր սպասում, որ որևէ մեկը կգտնի, առանց մտածելու բացում է հեռախոսը, ու այնտեղ լինում է ոչ թե մեկ, այլ երկու վիդեո»,- պատմում է աղջիկը։ 

Երկու տեսանյութն էլ ջնջում են, ինչից հետո աղմուկ է բարձրանում։ Պատմում է, որ  իր ինքնազգողությունը կտրուկ վատանում է․ «Ուշագնաց եմ լինում, արդեն մնացածը չեմ լսում՝ ինչ են խոսում։ Կողակիցս տեսնում է, որ վատ եմ զգում ինձ, ու գնում ենք դեպի մեքենան։ Երբ ինքը հետ է գնում այդ մարդուն գտնելու, հասկանալու՝ ինչ է կատարվել, այդ ժամանակ արդեն սրճարանը կա՛մ փակված է լինում, կա՛մ շուտ են փակվում, չեմ կարող ասել»։

Նույն օրը Կարինան ռեստորանի գնահատման բաժնում կարծիք է թողել՝ պատմելով կատարվածի մասին, հաջորդ օրը նրա հետ կապ են հաստատել և տեղեկացրել, որ մենեջերն աշխատանքից ազատվել է։ Աղջիկը և նրա ընկերը նաև ռեստորանի տնօրենի հետ են հանդիպել։

«Քննադատում էր մենեջերի պահվածքը, մեզ բառացիորեն խոսք է տվել, որ հանդիպում կկազմակերպեն այդ մենեջերի հետ, հաջորդ օրը երեկոյան պետք է լիներ հանդիպումը, սակայն չի լինում, ինչ-ինչ պատճառներով»,- պատմում է Կարինան։

Ավելի ուշ հայտնի է դառնում, որ մենեջերը լքել է Հայաստանը և մեկնել Լիբանան, իսկ Կարինան գտել է մենեջերի անվամբ տելեգրամյան բոտ։

«Փորփրելուց հետո ես գտա տելեգրամյան բոտ, որն իր անուն-ազգանունով էր, ամսի 6-ին բոտի անուն-ազգանունը փոխվել է։ Բոտը շատ վաղուցվա պատմություն ունի ու ներկայում չի աշխատում։ Մտածում եմ, որ այդ բոտով ինչ-որ բաներ էր լինում, որը չպետք է լիներ։ Նույնիսկ չեմ ուզում այդ առումով մտածել, բայց կասկածներ ունեմ, որ այդ բոտով շատ հնարավոր է, որ վաճառվի այնպիսի կոնտենտ, որն ընդունելի չէ հասարակությունում»,- ասում է Կարինան։

«Գուստավ»-ում առավոտյան, Factor TV-ի  նկարահանման պահին, որևէ այցելու չկար։ Աշխատակցի փոխանցմամբ՝ տեղում չէին նաև տնօրենը և մյուս մենեջերը, սակայն մեր հեռախոսահամարը վերցնելով՝ խոստացան կապ հաստատել և պարզաբանում ներկայացնել։ Ռեստորանի տնօրինությունը երեկ սոցցանցերի իրենց էջերում էր անդրադարձել միջադեպին՝ նշելով, որ ամբողջ տեղեկությունը փոխանցել են Ոստիկանությանը։

«Գուստավի ստեղծման հիմքում դրված տարիների ազնիվ աշխատանքն ու նվիրումը չեն արտացոլվել այս գործողությունների մեջ։ Մենք չենք կարող փոխել տեղի ունեցածը, բայց կարող ենք պատասխանատվությամբ մոտենալ դեպքի մասին մեր արձագանքին։ Մենք լրջորեն ենք վերաբերվում իրավիճակին և շարունակում ենք հավատարիմ մնալ յուրաքանչյուր հյուրի անվտանգության, անկաշկանդության և հարգանքի վերաբերմունքին»,- նշվում է պարզաբանման մեջ։ 

Այս միջադեպը, ըստ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի,  նորից օրակարգային է դարձնում մասնագետների մտահոգություններն ամենուր տեղադրված տեսախցիկների և դրանց պարունակության անվերահսկելիության մասին։

«Ես չեմ խոսում ծայրահեղ դեպքերի մասին, բայց անձնական տվյալների արտահոսքեր են առաջանում, իսկ դա շատ հաճախ է լինում, ընկերությունները ծածկադմփուց են անում, տուգանքներն այնքան ցածր են, որ բիզնեսը, եթե բարոյականության վրա չհիմնվի (իսկ բիզնեսների մեծ մասը հիմնվում են եկամտի ու շահույթի թվերի վրա), զուտ թվաբանությամբ՝ ավելի լավ է այդ տուգանքը վճարել, քան լուրջ վերաբերվել տվյալների պահպանությանը»,- նշում է փորձագետը։

Մարտիրոսյանի խոսքով՝ գաղտնի նկարահանված տեսանյութերը հաճախ «սև շուկաներում» են վաճառում, իսկ բացահայտումը շատ դժվար է լինում․ «Գոյություն ունի ստվերային շուկա այդ տիպի տեսանյութերի։ Պարբերաբար ինչ-որ բացահայտումներ լինում են, բայց դրանք փոքրիկ տոկոս են իրական եղածների, և ինտերնետն ունի շատ խավար հատվածներ, որտեղ այս ամեն ինչի առք ու վաճառք է գնում։ Սա միջազգային մեծ չարիք է»։

Արդյո՞ք ռեստորանի արդեն նախկին մենեջերը նույնպես նման տեսանյութերի վաճառքով է զբաղված եղել, որքա՞ն ժամանակ է հեռախոսը գաղտնի տեսանկարահանումներ իրականացրել, արդյո՞ք էլի տուժողներ են եղել․ այս հարցերի պատասխանները պարզ կդառնան քննության արդյունքում։ 

Քննչական կոմիտեից Factor TV-ին փոխանցեցին, որ առերևույթ հանցանքի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու հոդվածի հատկանիշներով: Այս պահին կատարվում են քննչական գործողություններ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան

 

 

 

Leave a comment