2026 թվականի գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Էնն Քարսոնին։ Շվեդական ակադեմիան բարձր է գնահատել նրա նորարարական գրական ժառանգությունը։
Մրցանակաբաշխության հանձնաժողովը որոշումը հիմնավորել է հեղինակի համարձակ և նորարարական ստեղծագործական մոտեցմամբ, որի միջոցով նա դասական գրական ավանդույթների հետ յուրահատուկ երկխոսության արդյունքում ձևավորել է ժամանակակից գրականության նոր արտահայտչաձևեր։
Էնն Քարսոնը ծնվել է 1950 թվականին Կանադայի Տորոնտո քաղաքում։ Նա հայտնի է որպես բանաստեղծ, գրող, թարգմանիչ և անտիկ գրականության ուսումնասիրող, գրում է Deutsche Welle-ն:
Դեռ դպրոցական տարիներին Քարսոնը հետաքրքրվել է հին հունարենով, ինչն ավելի ուշ վճռորոշ նշանակություն է ունեցել նրա գիտական և գրական գործունեության համար։ Նա անտիկ գրականություն է ուսումնասիրել Տորոնտոյի համալսարանում, որտեղ 1981 թվականին ստացել է դոկտորի գիտական աստիճան։
Քարսոնը դասավանդել է Կանադայի և Միացյալ Նահանգների տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում, այդ թվում՝ Փրինսթոնի և Միչիգանի համալսարաններում։
Նրա ստեղծագործական գործունեության բնորոշ առանձնահատկություններից մեկը գրական ժանրերի սահմանների հաղթահարումն է։ Քարսոնն իր երկերում համադրել է հին հունական առասպելաբանությունը, ժամանակակից պոեզիան, փիլիսոփայական էսսեն և տեսողական արվեստը՝ ձևավորելով գրական արտահայտության ինքնատիպ եղանակ։
Նա թարգմանել է անտիկ հեղինակներ Սաֆոյի, Եվրիպիդեսի և Սոֆոկլեսի ստեղծագործությունները։ Հին հունական առասպելների միջոցով գրողն անդրադարձել է ժամանակակից մարդու համար կարևոր թեմաների՝ սիրուն, միայնությանը և կորստին։
Միջազգային ճանաչում Քարսոնին բերել է 1998 թվականին լույս տեսած «Կարմիրի ինքնակենսագրությունը» չափածո վեպը։
Իր գրական գործունեության ընթացքում նա արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների և պարգևների։ 2000 թվականին Քարսոնը ստացել է Մաքարթուր հիմնադրամի կրթաթոշակը, որը շնորհվում է ստեղծագործական բացառիկ նվաճումների համար։
2001 թվականին նրա «Ամուսնու գեղեցկությունը» գիրքն արժանացել է բրիտանական հեղինակավոր՝ Թոմաս Սթեռնզ Էլիոթի անվան պոեզիայի մրցանակին։
Քարսոնի առավել հայտնի ստեղծագործություններից է «Կարմիրի ինքնակենսագրությունը» (Autobiography of Red, 1998) չափածո վեպը, որը հին հունական առասպելի ժամանակակից վերաիմաստավորում է։
Ստեղծագործության հիմքում Գերիոնի մասին առասպելն է։ Հունական դիցաբանության մեջ Գերիոնը կարմիր, թևավոր հրեշ է, որին սպանում է Հերակլեսը։ Սակայն Քարսոնի մեկնաբանությամբ Գերիոնը զգայուն դեռահաս է, որը հետաքրքրվում է լուսանկարչությամբ և սիրահարվում Հերակլես անունով երիտասարդին։ Նրանց հարաբերություններն ավարտվում են ցավոտ բաժանմամբ, սակայն տարիներ անց հերոսները կրկին հանդիպում են։
Առասպելական պատմության միջոցով հեղինակը ներկայացրել է հասունացման, առաջին սիրո, միայնության և սեփական ինքնության որոնման բարդությունները։
Գրքի ռուսերեն հրատարակությունը լույս է տեսել 2021 թվականին՝ No Kidding Press հրատարակչությունում։
Քարսոնի մյուս նշանակալի ստեղծագործությունը «Ամուսնու գեղեցկությունը» (The Beauty of the Husband, 2001) բանաստեղծական գիրքն է, որն ունի «Գեղարվեստական էսսե 29 տանգոյով» ենթավերնագիրը։
Ստեղծագործությունը պատմում է սիրո, ամուսնության և ընտանեկան հարաբերությունների փլուզման մասին։ Անանուն գլխավոր հերոսուհին վերհիշում է իր հարաբերությունները մի տղամարդու հետ, որի արտաքին գեղեցկությունն ու հմայքը երկար ժամանակ ստիպել են իրեն անտեսել ամուսնու անհավատարմությունը։ Պատմությունը զարգանում է 29 բանաստեղծական հատվածների միջոցով, որոնց կառուցվածքն ու ռիթմը հիշեցնում են տանգոյի շարժումները։
Այս գրքում Քարսոնն ուսումնասիրել է գեղեցկության և ճշմարտության, կրքի և դավաճանության, սիրո և ինքնախաբեության միջև գոյություն ունեցող հակասությունները։
2001 թվականին ստեղծագործությունն արժանացել է Թոմաս Սթեռնզ Էլիոթի անվան բրիտանական պոեզիայի հեղինակավոր մրցանակին։ Քարսոնը դարձել է այդ պարգևին արժանացած առաջին կինը։
Գրողի ուշագրավ աշխատանքներից է նաև 2010 թվականին հրատարակված «Նոքս» (Nox) փորձարարական բանաստեղծական գիրքը, որը նվիրված է նրա մահացած եղբորը։
Այս ստեղծագործության մեջ Քարսոնը դիմել է ընտանեկան լուսանկարներին, նամակներին, անձնական հիշողություններին և հին հռոմեական պոեզիային՝ փորձելով իմաստավորել եղբոր կյանքն ու մահը։ Գրքի առանցքային տարրերից մեկը հռոմեացի բանաստեղծ Կատուլլոսի՝ մահացած եղբորը նվիրված բանաստեղծության թարգմանությունն է։
Հրատարակությունն առանձնանում է նաև իր արտասովոր ձևավորմամբ։ Այն պատրաստված է ծալվող ակորդեոնի տեսքով և միավորում է գրավոր հատվածներ, լուսանկարներ ու կոլաժներ։
«Նոքսը» հիշողության, սգի և նույնիսկ ամենամտերիմ մարդուն ամբողջությամբ ճանաչելու անհնարինության մասին խորհրդածություն է։
2026 թվականի գրականության Նոբելյան մրցանակակիրը կստանա 12 միլիոն շվեդական կրոն, որը համարժեք է մոտ 1․1 միլիոն եվրոյի։
Այս տարի մրցանակի դրամական բաղադրիչն ավելացվել է մեկ միլիոն կրոնով՝ նախորդ տարիների համեմատ։
Գրականության Նոբելյան մրցանակը շնորհվում է 1901 թվականից։ Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն՝ այն նախատեսված է այն հեղինակի համար, որը ստեղծել է «իդեալիստական ուղղվածության առավել ակնառու ստեղծագործություն»։ Մրցանակակրի ընտրությունն իրականացնում է Շվեդական ակադեմիան։
1901 թվականից ի վեր գրականության Նոբելյան մրցանակը շնորհվում է արդեն 119-րդ անգամ։ 2025 թվականին այս հեղինակավոր պարգևին արժանացել է հունգարացի գրող Լասլո Կրասնահորկային՝ իր համոզիչ ստեղծագործության համար, որը նույնիսկ ապոկալիպտիկ սարսափի պայմաններում հաստատում է արվեստի ուժը։