Վարդաձորի դպրոցում աշակերտուհու նկատմամբ բռնության դեպքով վարչական վարույթ է սկսվել

Վարդաձորի միջնակարգ դպրոցում արձանագրված միջադեպի վերաբերյալ սոցիալական հարթակներում տարածված տեղեկությունների, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնական գրության հիման վրա անհապաղ համապատասխան միջոցներ է ձեռնարկել` նախաձեռնվել է վարչական վարույթ:

«Խնդիրը բազմակողմանի, օբյեկտիվ և ամբողջական ուսումնասիրելու, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատության և դասարանի բոլոր սովորողների լավագույն շահերն ու իրավունքները պաշտպանելու նպատակով՝ Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ։

Իրավիճակը շարունակում է մնալ Տեսչական մարմնի անմիջական ուշադրության կենտրոնում, և վերահսկողական գործառույթների շրջանակում ձեռնարկվում են օրենքով նախատեսված բոլոր միջոցները՝ հաստատությունում անվտանգ, ապահով և կրթական չափորոշիչներին համապատասխան միջավայրի պահպանումն ապահովելու համար»,- ասվում է տեսչական մարմնի հաղորդագրությունում:

Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում ուսուցչուհին բռնություն կիրառել 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ։ Տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրվարույթ: Վարույթը նախաձեռնվել էր անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով, բռնություն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում:

Leave a comment