«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն ԱԺ-ում հանդիպել են անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ։
Խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը նշել է. «Տեղյակ եմ, որ շատ հանդիպումներ եք ունեցել, շատ դռներ եք ծեծել, որպեսզի ձեր հարցերի պատասխանները ստանաք։ Կխնդրեի, որպեսզի մեզ ասեիք, թե ինչպես եք հարցի լուծումը պատկերացնում, ինչպես մենք կարող ենք օգնել ձեզ։ Մեր թե՛ օրենսդիր, թե՛ ընդհանուր կապերի առումով հնարավորությունները ձեր տրամադրության տակ են», հայտնում է Aysor.am-ը:
Անհետ կորած զինծառայողի հայր Լիպարիտ Թովմասյանը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանը հայտարարել է, որ իր տրամադրության տակ կան որդու ողջ լինելու մասին վկայող փաստաթղթեր և տվյալներ։ Նրա խոսքով՝ վեց տարի շարունակ պետական մարմիններին չի հաջողվել պարզել որդու գտնվելու վայրը, հայտնում է Factor.am-ը:
Նա հայտնել է, որ բռնի անհետացած անձանց ցուցակում ընդգրկված է 31 մարդ։ Ծնողի պնդմամբ՝ որդու վերաբերյալ որևէ ԴՆԹ համապատասխանություն չի հայտնաբերվել, մինչդեռ Քննչական կոմիտեից ստացած փաստաթղթերում առկա են տեղեկություններ, որոնք, իր գնահատմամբ, կարող են օգնել պարզելու նրա գտնվելու վայրը։
Թովմասյանը պատմել է, որ 2020 թվականի պատերազմից հետո՝ նոյեմբերի 23-ին, ակտիվացել է որդու Viber-ը, իսկ դեկտեմբերի 30-ին որդու iPhone հեռախոսից՝ ֆեյսբուքյան Messenger-ով, ընտանիքը ստացել է «Սալամ» գրառմամբ հաղորդագրություն։
Ծնողի խոսքով՝ հոկտեմբերի 5-ին որդու անհետանալուց հետո՝ հոկտեմբերի 6-ին, հեռախոսի գեոլոկացիան ցույց է տվել Հադրութի գյուղերից մեկը, իսկ ավելի ուշ տեղորոշման տվյալները, կոդն ու հասցեն ֆիքսվել են Բաքվում։
Ծնողը դժգոհություն է հայտնել պետական մարմինների անգործությունից՝ նշելով, որ Եվրոպական դատարանից և ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանից ունի համապատասխան փաստաթղթեր, սակայն պաշտոնական այրերը միջազգային հանդիպումներում չեն բարձրաձայնում բռնի անհետացածների հարցը։
Նա դիմել է պատգամավորին՝ խնդրելով օգտագործել պատգամավորական լծակներն ու գործիքակազմը՝ անհետ կորածների ճակատագիրը պարզելու համար։