Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը

Հասարակություն

08.10.2026 | 18:02

ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում Ֆրանսիայի ապաստանի իրավունքի ազգային դատարանի նախագահի հետ քննարկել է ապաստանի գործերով մասնագիտացված դատական քննության ֆրանսիական փորձը, մասնագիտացված դատավորների գաղափարն ու ազգային անվտանգությանն առնչվող գաղտնի տեղեկատվության կիրառման հարցերը։

Դատական դեպարտամենտի հաղորդագրությունը՝ ստորև․

«Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանի գլխավորած պատվիրակությունը «Ապաստանի և ներգաղթի գործերով դատական քննությունը նոր դարաշրջանում․ քաղաքականության և իրավունքի գերակայության միջև» միջազգային համաժողովի շրջանակում եռօրյա աշխատանքային այցով Փարիզում է։

Այցի ընթացքում ԲԴԽ նախագահը պատվիրակության անդամների հետ հանդիպել է Ֆրանսիայի ապաստանի իրավունքի ազգային դատարանի նախագահ Թոմաս Անդրյուի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ապաստանի գործերով մասնագիտացված դատարանի գործունեության առանձնահատկություններն ու առավելությունները, Ֆրանսիայի փորձը, դատարանի պատմական զարգացումը և հետագա համագործակցության հեռանկարները։

Անդրադարձ է արվել նաև ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու գաղափարին և այդ ուղղությամբ ֆրանսիական փորձի ուսումնասիրությանը։

Քննարկման առարկա են դարձել նաև ապաստանի տրամադրման վարույթներում ազգային անվտանգությանն առնչվող և գաղտնի տեղեկատվության օգտագործման հարցերը, այդ տեղեկատվությանը դատարանի ու դիմումատուի հասանելիության առանձնահատկությունները՝ արդար դատաքննության երաշխիքների ապահովման համատեքստում»։

Leave a comment