Քաղաքականություն
08.10.2026 | 17:09
Սպիտակ տունը կշռադատում է միջանկյալ ընտրություններից առաջ Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը՝ չնայած պատերազմի հետ կապված էական ընդդիմությանը։ Այս մասին գրում է The Atlantic-ը՝ վկայակոչելով վարչակազմի երկու անանուն պաշտոնյաների։
Նշվում է, որ Սպիտակ տունը Պենտագոնին դիմել է հնարավոր հարվածների ծրագրեր մշակելու խնդրանքով, որոնք կարող են իրականացվել այս աշնան ընտրություններից առաջ։
Քննարկումներին ծանոթ հանրապետականներից մեկը The Atlantic-ին հայտնել է, որ հարվածների նոր ալիքը կարող է Թրամփին հնարավորություն տալ նոյեմբերյան ընտրություններից առաջ հայտարարել իր հաղթանակի մասին։ Միևնույն ժամանակ, միջազգային հարաբերությունների պրոֆեսորը հարցականի տակ է դրել, թե նման գործողությունն ինչպես կարող է ակտիվացնել Հանրապետական կուսակցության ընտրազանգվածին, հաշվի առնելով, որ հակամարտությունը շատ քիչ աջակցություն ունի։
Իրանի դեմ պատերազմը շարունակում է մնալ ժողովրդականություն չվայելող իրադարձություն, և Թրամփի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը կարող է նորից ուշադրություն հրավիրել պատերազմի վրա և մեծացնել դրա նկատմամբ ընդդիմությունը։
The Atlantic-ի հետ զրույցում ծրագրի կողմնակիցներն ընդունել են, որ սահմանափակ հարվածներն առանձնաբար դժվար թե էական առաջընթաց ապահովեն գազի գների նվազեցման կամ Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման հարցում։
Սպիտակ տան պաշտոնյան լրատվամիջոցին հայտնել է, որ նախագահը «ցանկացած պահի իր տրամադրության տակ ունի բոլոր հնարավոր տարբերակները», սակայն չի մանրամասնել հնարավոր հարվածների ժամկետները։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի