ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
Թուրքմենբաշի քաղաքում նա հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ։ Կողմերն անդրադարձել են հայ-թուրքմենական հարաբերությունների զարգացման հեռանկարներին։
Բերդիմուհամեդովը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և կարևորել երկկողմ համագործակցության զարգացումը տարբեր ուղղություններով: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հավելել, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական կապերի ընդլայնմամբ ու խորացմամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքմենստան հարաբերությունների օրակարգին առնչվող տարբեր հարցերի շուրջ:
Այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Թուրքմենբաշի քաղաքում մասնակցելու է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։