Քաղաքականություն
08.10.2026 | 15:25
Ստոկհոլմում Նոբելյան կոմիտեն հայտարարել է գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկրին։
«Գրականության ոլորտում 2026 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի գրող Էնն Քարսոնին՝ «դասական ավանդույթի հետ խաղային երկխոսության միջոցով ժամանակակից գրականության համար նոր ձևեր ստեղծած իր համարձակ և նորարարական ստեղծագործության համար»,- ասվում է մրցանակաբաշխության պաշտոնական հայտարարությունում։
Էնն Քարսոնը ծնվել է 1950 թվականին Կանադայի Տորոնտո քաղաքում։ 1981 թվականին նա հրապարակել է դասական բանասիրության ոլորտում իր դոկտորական ատենախոսությունը՝ «Odi et Amo Ergo Sum» վերնագրով։ Ստեղծագործական գործունեության ամբողջ ընթացքում նա բանաստեղծություն գրելը համատեղել է թարգմանական աշխատանքների և տարբեր համալսարաններում դասավանդելու հետ։
Նրա գրական ստեղծագործությունների գրեթե ամբողջ ծավալը կենտրոնացած է բանասերի՝ բառերի հանդեպ ունեցած մոլուցքի և բանաստեղծի՝ նոր իմաստների որոնման ձգտման հատման կետի վրա։ Ինքը՝ Քարսոնը, իր բոլոր աշխատանքների մեկնարկային կետ է համարում բառերի ստուգաբանությունը։
Անցյալ տարի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր էր դարձել հունգարացի գրող Լասլո Կրասնահորկայնը։
Հոկտեմբերի 9-ին Օսլոյում կհայտարարվի խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը։ Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված տնտեսագիտության մրցանակի դափնեկիրը, որը 1968 թվականին հիմնադրել է Շվեդիայի պետական բանկը, հայտնի կդառնա հոկտեմբերի 12-ին։ 2026 թվականին Նոբելյան մրցանակի դրամական պարգևը յուրաքանչյուր անվանակարգում կազմում է 12 միլիոն կրոն (շուրջ 1,2 միլիոն դոլար)։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի