Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները քննադատում են իշխանական պատգամավորների այն հայտարարությունները, թե Սյունիքի Շաքի բնակավայրում տեղի ունեցածը սովորական հանցագործություն է։

«Ցավով պետք է արձանագրենք, որ այս միջադեպը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների կողմից դասվում է որպես հասարակ հանցագործություն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ եթե ադրբեջանցի զինծառայողի կողմից Հայաստանի սահմանը հատելը, հայկական տուն հասնելն ու հայ ընտանիքի վրա կրակելը դիտարկվում է որպես սովորական երևույթ, ապա այդ գնահատականի վերաբերյալ այլ բան չունի ավելացնելու։

Իրինա Յոլյանի խոսքով էլ՝ խնդիրը հատկապես այն է, որ իշխանական պատգամավորները փորձում են ադրբեջանցի զինծառայողի գործողությունը համեմատել Հայաստանում տեղի ունեցող սովորական հանցագործությունների հետ։

«Ողբերգությունը նրանում է, որ փորձ է արվում ադրբեջանցու կողմից, ահաբեկչի կողմից կատարված հանցագործությունը նույնականացնել սովորական հանցագործության հետ, և առավել ողբերգական է, որ թշնամու գործողությունները փորձ է արվում նույնականացվել, օրինակ, Հայաստանում տեղի ունեցած որևէ միջադեպի հետ»,- ասաց Յոլյանը։

Նա միաժամանակ ընդգծեց, որ դեռևս նախաքննությունն ավարտված չէ, ուստի պարզ չէ՝ Շաքիում տեղի ունեցածը դիվերսիա՞ էր, թե՞ ոչ։

Հիշեցնենք՝ ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը և Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին: Ադրբեջանցին, ըստ այդ երկրի պաշտոնական կառույցների, անհայտ հանգամանքներում ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 29-ին։ Ըստ ՀՀ ԱԱԾ-ի՝ այդ մասին Ադրբեջանը հայտնել էր հայկական կողմին: Մուսաևը երկու ամսով կալանավորվել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

Leave a comment