Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը մեկնաբանել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության ու ճգնաժամի մասին պնդումները՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններից հետո, փոխանցում են թուրքական լրատվամիջոցները։
Ալիևի հայտարարությունը՝ «Մենք ոչ մեկի օգնության կամ հովանավորության կարիքը չունենք: Ոչ ոք մեզ չի օգնել, երբ մենք օգնության կարիք ունեինք և ունեինք մեկ միլիոն փախստական», սենսացիա է առաջացրել թուրքական տիրույթում: Ոմանք այս խոսքերը մեկնաբանում են որպես Թուրքիային ուղղված ուղերձ:
Այս հայտարարության վերաբերյալ հարց են ուղղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքին։
«Մենք ասում ենք՝ «երկու պետություն, մեկ ազգ»։ Մենք իսկապես հավատարիմ ենք այս կարգախոսին Ադրբեջանի հետ։ Բայց, վերջին հաշվով, բոլորը կարող են ունենալ տարբեր ներքին քաղաքական օրակարգեր։ Կարող են լինել տարբերություններ նրանց գնահատականներում՝ ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Երբ մենք անհամաձայնություններ ունենք այս հարցերի շուրջ, մենք շարունակում ենք մեր ճանապարհը՝ քննարկելով դրանք որպես երկու եղբայրական երկրներ, այս ամենը կիսելով բացահայտ և անկեղծորեն»,- ասել է նա։
Չելիքն ընդգծել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների միջև գոյություն ունեն իսկական եղբայրական հարաբերություններ, մինչդեռ որոշ երկրներ, նրա պնդմամբ, փորձում են խաթարել երկու երկրների միջև հարաբերությունները, բայց Անկարան թույլ չի տա այդ երկրներին դա անել։
Նա հավելել է, որ Թուրքիայի նախագահը շարունակում է հանդիպումները Ալիևի և բոլոր գործընկերների հետ՝ Ադրբեջանում պետական և կուսակցական մակարդակներով։
«Հետևաբար, մի կողմ դնելով միջամտող երկրներին, երբեք թույլ չտալով, որ քաղաքական քննարկումներն ու քաղաքական զրույցները վերածվեն որևէ քաղաքական հակասության կամ լարվածության, և հստակորեն նշելով, որ նրանք, ովքեր գործում են այնպես, կարծես գործում են մեր կուսակցության անունից, մեզ հետ ոչ մի կապ չունեն։ Ես կրկին ասում եմ սա՝ մենք երկու պետություն ենք, մեկ ազգ։ Մեր եղբայրությունը հավերժական է»,- հայտարարել է Էրդողանի կուսակցության խոսնակը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի