Դատախազությունը պահանջում է Աբովյան 8/1 անշարժ գույքն ազատել ՓԲ ընկերության ապօրինի տիրապետումից

Դատախազությունը պահանջում է Աբովյան 8/1 անշարժ գույքն ազատել ՓԲ ընկերության ապօրինի տիրապետումից

Գլխավոր դատախազությունը 2026 թվականի սեպտեմբերի 18-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի, «Ավիատրանս» ՓԲ ընկերության, «Ֆոքսֆորդ» ՓԲ ընկերության՝ Պետական գույքի կառավարման նախարարության և «Ավիատրանս» ՍՊ ընկերության միջև 2001 թվականի օգոստոսի 9-ին կնքված պետական գույքի մասնավորեցման պայմանագիրն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Դատախազությունը, ի թիվս այլնի, պահանջել է պարտավորեցնել «Ֆոքսֆորդ» ՓԲ ընկերությանն իր ապօրինի տիրապետումից ազատել Երևան քաղաքի Աբովյան 8/1 հասցեի անշարժ գույքը:

Գլխավոր դատախազությունը նշված պահանջի հիմքում, ի թիվս այլնի, դրել է այն հանգամանքը, որ գրավի առարկա՝ պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Աբովյան 8/1 հասցեի անշարժ գույքի մասնավորեցումն իրականացվել է ուղղակի վաճառքի ձևով, ոչ թե՝ հրապարակային սակարկություններով, մինչդեռ՝ օրենսդիրը 2001 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ գրավադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի իրացման համար սահմանել էր հստակ և պարտադիր իրավական ռեժիմ՝ գույքի իրացում՝ հրապարակային սակարկություններով:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել է վարույթ, նույն օրվա մեկ այլ որոշմամբ գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց. «Ֆոքսֆորդ» ՓԲ ընկերությանն արգելվել է կատարել ցանկացած գործողություն, որը կհանգեցնի Աբովյան 8/1 հասցեի անշարժ գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության, այդ թվում՝ գույքը ցանկացած եղանակով օտարելը կամ գրավադրելը:

Leave a comment