Եմենի հութի ապստամբները հայտարարել են, որ հինգշաբթի հրթիռային հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադի գլխավոր միջազգային օդանավակայանին, գրում է DW-ն։
Հաղորդվում է, որ հարվածի հետևանքով 3 մարդ զոհվել է, ևս մի քանիսը՝ վիրավորվել։ Սա այս շաբաթվա ընթացքում արդեն երրորդ դեպքն է, երբ զինված խմբավորումը հայտարարել է օդանավակայանը թիրախավորելու մասին։
«Մեր զինված ուժերը հաջողությամբ թիրախավորել են Էր-Ռիադի «Թագավոր Խալիդ» միջազգային օդանավակայանը բալիստիկ հրթիռով, որը ճշգրիտ խոցել է թիրախը և խափանել օդանավակայանի աշխատանքը»,- X-ում նշել է հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիեն։
Եմենում հակամարտությունը հուլիսին վերսկսվելուց հետո ավելի ու ավելի է տարածվել երկրի սահմաններից դուրս։ Մեկ օր առաջ Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող և միջազգային ճանաչում ունեցող Եմենի կառավարությունը հայտարարել է հութիների դեմ լայնածավալ հակահարձակման մասին։ Հութիները կառավարական ուժերի դեմ պայքարում են լրացուցիչ տարածքների վերահսկողության համար։ Միևնույն ժամանակ, ապստամբները նաև կոչ են արել ավիաընկերություններին դադարեցնել Սաուդյան Արաբիայի օդային տարածքով թռիչքները։
«Մենք կրկին կոչ ենք անում և նախազգուշացնում վերջին անգամ բոլոր միջազգային ավիաընկերություններին՝ դադարեցնել Սաուդյան Արաբիայի օդային տարածքով թռիչքները»,- ասել է Սարիեն։
ՄԱԿ-ի տվյալներով՝ հակամարտության հետևանքով Եմենի տարածքում տեղահանվել է ավելի քան 200 հազար մարդ։ Այս շաբաթ Եմենի կառավարությունը հայտարարել է, որ հութիների զինյալներին դուրս է մղել Կարմիր ծովի ափամերձ ռազմավարական տարածքներից և Մոխա նավահանգստային քաղաքի շրջակայքից։
Կոալիցիոն ուժերի խոսնակ Թուրկի ալ-Մալիքին հայտարարել է, որ Եմենի Սադա, Մարիբ, Ալ-Ջաուֆ և Ալ-Հուդեյդա նահանգներում ոչնչացվել է հութիների 82 ռազմական թիրախ։ Ալ-Մալիքին զոհերի կամ ավերածությունների վերաբերյալ մանրամասներ չի ներկայացրել, իսկ նրա հայտարարությունները հնարավոր չի եղել անկախ կերպով հաստատել։ Ըստ հաղորդումների՝ թիրախների թվում են եղել հրթիռների արձակման կայաններ, հրամանատարական կենտրոններ, ինչպես նաև հրթիռների և զենքի պահեստներ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի