Հայաստանն ու Թուրքիան քննարկել են էներգետիկ համակարգերն իրար միացնելու հարցը: Այդ մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, հայտնում է Aysor.am-ը:
«Քննարկել ենք Գյումրի-Կարս գծի գործարկելու հարցը, որպեսզի փոխհոսքեր ապահովենք, ըստ անհրաժեշտության Թուրքիայի Հանրապետությանը վաճառենք էլեկտրաէներգիա կամ Թուրքիայից գնենք էլեկտրաէներգիա՝ նույն տրամաբանությամբ, ինչը հիմա անում ենք Վրաստանի հետ, Իրանի հետ»,- նշել է նախարարը։
Խուդաթյանը հայտարարել է, որ այս հարցով քննարկում են սկսել նաև Ադրբեջանի հետ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հոկտեմբերին ընդունել է Թուրքիայի էլեկտրահաղորդման ընկերության պատվիրակությանը՝ քննարկելու ցանցերի փոխկապակցումը: Գյումրի-Կարս երկաթգծի կառուցման համար նախագծային աշխատանքների մրցույթ է հայտարարվել: