Արցախյան պատերազմներում զոհված և անհետ կորած զինծառայողների ընտանիքները հերթական ահազանգն են հղում պետական պատկան մարմիններին։ Ազգային ժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ կայացած հանդիպման ընթացքում ծնողներն ու հարազատները բարձրացրել են 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունների հետևանքով զոհված 51 տղաների մարմինների արտաշիրիմման և Հայաստան տեղափոխման հույժ կարևոր ու անհետաձգելի խնդիրը։
«Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորածների հարազատների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ասրյանի փոխանցմամբ՝ այս պահին կա 51 մարմնի արտաշիրիմման անհրաժեշտություն, քանի որ 2023-2024 թվականներին հարազատները հնարավորություն չեն ունեցել նրանց մարմինները պատշաճ հողին հանձնելու։ Չնայած նախկինում կազմվել են ցուցակներ և ձևավորվել հատուկ խմբեր, գործընթացը կանգ է առել․ իրականացված 2-3 փորձերն էլ լիովին ձախողվել են։
Հանդիպմանը ներկա ծնողներից մեկի խոսքով՝ զոհվածների մարմինները ժամանակավորապես ծածկվել են հողակույտերով, իսկ պետական կառույցները հորդորել են ինքնագլուխ քայլեր չձեռնարկել՝ անվտանգային ռիսկերից ելնելով։ Չնայած հարազատների բազմաթիվ դիմումներին ու նամակներին՝ ուղղված ԱԳՆ-ին, ԱԱԾ-ին և կառավարությանը, մինչ օրս հստակեցված չէ, թե որ պետական ատյանն է պատասխանատու այս գործընթացի համար։