Առցանց առևտրի հարթակներն ամեն ամիս պետք է վաճառքների մասին տվյալներ տրամադրեն ՊԵԿ–ին

2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում գործող էլեկտրոնային առևտրի հարթակների համար կգործի հաշվետվությունների ներկայացման նոր կարգ։ Կառավարությունը հավանություն է տվել համապատասխան որոշման նախագծին։

Ընդունված կարգավորման համաձայն՝ էլեկտրոնային առևտրի հարթակներն ամեն ամիս Պետական եկամուտների կոմիտեին պետք է ներկայացնեն Հայաստանից Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրներ իրենց միջոցով իրականացված ապրանքների վաճառքի վերաբերյալ տվյալներ, հայտնում է Sputnik Արմենիան:

Նախագիծը վերաբերում է այն գործարքներին, որոնց դեպքում Հայաստանում գրանցված կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը էլեկտրոնային առևտրի հարթակի միջոցով ապրանք է իրացնում ԵԱՏՄ անդամ մեկ այլ պետությունում բնակվող ֆիզիկական անձին, որը հանդես է գալիս որպես սովորական գնորդ։

Կառավարության սահմանած պահանջներով՝ առցանց առևտրային հարթակները ՊԵԿ-ին պարտավոր կլինեն փոխանցել վաճառողի ինքնության, իրացված ապրանքի վերաբերյալ տեղեկություններ։ Բացի այդ, անհրաժեշտ կլինի ներկայացնել ապրանքի տեղափոխման փաստը հավաստող փաստաթղթի համարը և կազմման ամսաթիվը, եթե համապատասխան փաստաթուղթ գոյություն ունի։

Հարկային մարմնին տվյալներ ներկայացնելու պարտավորությունը կտարածվի նաև այն գործարքների վրա, որոնց դեպքում գնորդը վերադարձրել է ձեռք բերված ապրանքը կամ հրաժարվել է այն ստանալուց՝ չնայած արդեն կատարած վճարմանը։

Որոշման նախագծով նախատեսվում է, որ ամբողջ տեղեկատվությունը ՊԵԿ-ին պետք է փոխանցվի բացառապես էլեկտրոնային տարբերակով։ Յուրաքանչյուր հաշվետու ամսվա տվյալները հարկային մարմին պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան հաջորդ ամսվա 20-ը։

Եթե էլեկտրոնային առևտրի հարթակը հետագայում հայտնաբերի, որ նախկինում ներկայացված տեղեկություններում առկա են անճշտություններ կամ սխալներ, պարտավոր կլինի ՊԵԿ-ին ուղարկել ճշգրտված տվյալները։

Նոր կարգավորմամբ որոշակի պարտականություններ են նախատեսվել նաև Պետական եկամուտների կոմիտեի համար։ Մասնավորապես, հարկային մարմինը պարտավոր կլինի էլեկտրոնային առևտրի հարթակից ստացված տեղեկությունները մեկ աշխատանքային օրվա ընթացքում հասանելի դարձնել համապատասխան վաճառողին՝ դրանք հրապարակելով վերջինիս անձնական էջում։

Նախագծով անդրադարձ է կատարվել նաև ավելացված արժեքի հարկի կիրառման առանձնահատկություններին։ Սահմանվել է, որ Հայաստանից ԵԱՏՄ անդամ մեկ այլ պետություն էլեկտրոնային առևտրի հարթակի միջոցով ապրանք վաճառող տնտեսավարողը կարող է տվյալ գործարքի համար ազատվել ԱԱՀ վճարելու պարտավորությունից։

Սակայն այդ հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է, որ Պետական եկամուտների կոմիտեն համապատասխան էլեկտրոնային հարթակից ստացած լինի ապրանքի վաճառքի իրականացումը հաստատող տեղեկությունները։

Leave a comment