Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է

Քաղաքականություն

08.10.2026 | 11:50

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի լիազորությունների ժամկետը հոկտեմբերի 12-ին ավարտվում է, առաջիկայում դատավորները պետք է նոր նախագահ ընտրեն։

Factor TV-ի տեղեկություններով՝ նոր նախագահի ընտրության հարցը նախատեսվում է հոկտեմբերի 14-ին։ Որպես նախագահի հավանական թեկնածու շրջանառվում է դատավոր Վլադիմիր Վարդանյանի անունը, որը 2026-ի մարտին է դատավոր դարձել։ Վարդանյանը մինչ այդ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ էր և դատավոր ընտրվելուց ընդամենը մի քանի օր առաջ էր դուրս եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

Նշենք, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել Սահմանադրական դատարանի դատավորների առաջադրած կամ ինքնաառաջադրված այն թեկնածուն, որն ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Օրենքով սահմանվում է նաև, որ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունն անցկացվում է նախագահի թափուր պաշտոն առաջանալու պահից տասնօրյա ժամկետում:

Արաքս Մամուլյան

Leave a comment