ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուսանկարում՝ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան և ԵՄ Խորհրդի նախագահող երկրի` Իռլանդիայի պետական նախարար Թոմաս Բըրնը ստորագրում են փաստաթուղթը

Հայկական ապրանքների համար առևտրային ժամանակավոր արտոնություններ նախատեսող ԵՄ կանոնակարգի ընդունման օրենսդրական ընթացակարգն ավարտվեց։

Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան և ԵՄ Խորհրդի նախագահող երկրի` Եվրոպական հարցերի և պաշտպանության պետնախարար Թոմաս Բըրնը ստորագրել են «Հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցների մասին» օրենսդրական փաստաթուղթը։ Արարողությանը ներկա էր Եվրոպական խորհրդարանի Միջազգային առևտրի կոմիտեում Հայաստանի հարցով զեկուցող Բոգդան Զդրոժևսկին։

Մի քանի օրից կանոնակարգը կհրապարակվի ԵՄ պաշտոնական տեղեկագրում և ուժի մեջ կմտնի հրապարակմանը հաջորդող օրը։

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան Ստրասբուրգում ընթացող լիագումար նիստի մեկնարկին հայտարարել էր, որ ԵՄ Խորհրդի նախագահի հետ այս շաբաթ ստորագրելու է օրենսդրական երեք ակտ, այդ թվում՝ հայկական ծագման ապրանքների համար առևտրային ժամանակավոր արտոնություններ սահմանող կանոնակարգը։

Հայկական ապրանքների մաքսային արտոնությունների ընդունումն իրականացվել է արագացված կարգով․ ամբողջ գործընթացը տևել է ընդամենը երեք ամիս՝ հուլիսի 2-ից մինչև հոկտեմբերի 7-ը։

Նոր կանոնակարգի համաձայն՝ առաջիկա երկու տարիների ընթացքում հայկական ապրանքների լայն տեսականի ԵՄ շուկա կներմուծվի առանց մաքսային վճարների։ Արտոնյալ պայմանները վերաբերում են ավելի քան 300 ապրանքախմբի, այդ թվում՝ գյուղատնտեսական վերամշակված արտադրանքին (պահածոներ, հյութեր, չրեղեն, համեմունքներ) և թեթև արդյունաբերության ապրանքներին (տեքստիլ, կոշկեղեն և այլն)։ Միաժամանակ, կանոնակարգը ներառում է պաշտպանական մեխանիզմներ՝ ԵՄ արտադրողների վրա ներմուծման հնարավոր բացասական ազդեցությանն արձագանքելու համար։

Եվրահանձնաժողովի առաջարկած այս կանոնակարգի նպատակն է աջակցել Հայաստանի տնտեսությանը՝ Ռուսաստանի կողմից սահմանված առևտրային սահմանափակումներից հետո: Թե՛ ԵՄ Խորհուրդը, թե՛ Եվրոպական խորհրդարանը հավանություն են տվել Հանձնաժողովի առաջարկությանը՝ առանց փոփոխությունների։

Կարինե Ասատրյան
Բրյուսել-Ստրասբուրգ

 

Leave a comment