Աշխարհի ամենաազդեցիկ երաժիշտներից մեկը՝ Լանգ Լանգը, առաջին անգամ կայցելի Հայաստան

Համերգի կազմակերպման նպատակով Կառավարությունը 106 մլն ՀՀ դրամ գումար է հատկացրել


ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Աշխարհի ամենաազդեցիկ երաժիշտներից մեկը՝ Լանգ Լանգը, առաջին անգամ կայցելի Հայաստան։


Ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդագրության, գերատեսչության ֆինանսավորմամբ և աջակցությամբ ապրիլի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակին նվիրված գալա համերգը, որի հատուկ հյուրը կլինի աշխարհահռչակ դաշնակահարը։


Համերգի կազմակերպման նպատակով Կառավարությունը 106 մլն ՀՀ դրամ գումար է հատկացրել:


Լանգ Լանգի երևանյան ելույթը հնարավոր է դարձել երկարատև բանակցությունների և պետական աջակցության արդյունքում՝ հանդիսանալով կարևոր ձեռքբերում հայկական դասական երաժշտարվեստի համար։


Դաշնակահարը մշտապես համագործակցում է աշխարհի առաջատար նվագախմբերի և դիրիժորների հետ. նա հանդես է եկել համաշխարհային նշանակության միջոցառումների շրջանակում, այդ թվում՝ Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը։


2009 թվականին Time ամսագիրը նրան ընդգրկել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում։ Նա նաև Lang Lang International Music Foundation-ի հիմնադիրն է, որն ուղղված է երիտասարդ տաղանդների բացահայտմանն ու երաժշտական կրթության զարգացմանը։


Լանգ Լանգը առաջին անգամ կայցելի Հայաստան և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կկատարի Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։ Համերգը կղեկավարի Սերգեյ Սմբատյանը։


Հոբելյանական համերգի երկրորդ հատվածում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի հանրության կողմից սիրված նախագծերից կատարումներ՝ անվանի հայ արտիստների մասնակցությամբ։

Leave a comment