Տեղի է ունեցել ԱԳՆ-ին կից հասարակական խորհրդի առաջին նիստը

Քաղաքականություն

13.02.2026 | 10:30

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախօրեին գերատեսչությունում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը:

«Նախարար Միրզոյանն ընդգծել է քաղաքացիական հասարակության հետ շարունակական երկխոսության կարևորությունը, այդ թվում նաև՝ նոր ձևավորված հասարակական խորհրդի ձևաչափով:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների, այդ թվում՝ խաղաղության օրակարգի հետևողական կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը, տարբեր ուղղություններով գործընկերությունների զարգացման մոտեցումներն ու հեռանկարները:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ապաշրջափակման նախագծերին և դրանց իրագործմամբ ընձեռնվող նոր հնարավորություններին:

Ընդգծվել է ինչպես ավանդական գործընկերների հետ օրակարգի ընդլայնման, այնպես էլ նոր՝ ռազմավարական գործընկերությունների հաստատման և զարգացման հարցում առկա ակտիվ դինամիկան:

Նախարար Միրզոյանը պատասխանել է ներկաների հարցերին, ծավալվել է մտքերի փոխանակություն: Կարևորվել են ժողովրդավարական գործընթացներում ՀՀ դիմակայունության շարունակական ամրապնդմանն ուղղված ջանքերը»,- ասված է հաղորդագրությունում։

 

Leave a comment