13 մլրդ 200 մլն դրամ՝ հետվճարի համար

13 մլրդ 200 մլն դրամ՝ հետվճարի համար

13 մլրդ 200 մլն դրամ կհատկացվի անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի տրամադրման միջոցառման շարունակականությունն ապահովելու նպատակով։ Նախագիծը ներկայացրել է Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։ Այդ գումարը տրամադրվելու է պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին, որպեսզի կարողանան անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի գծով 2026 թվականի 4-րդ եռամսյակում ծախսերի կատարման համար անհրաժեշտ միջոցներ տրամադրեն։

Ծախսերի լրացուցիչ պահանջը, ըստ հիմնավորման, հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների և նպաստների չափերի ավելացմամբ։ Պահանջվող գումարն անհրաժեշտ է կենսաթոշակները, նպաստները և հետվճարը ամբողջությամբ կատարելու համար։

Ֆինանսների նախարարությունը նախագծի վերաբերյալ նշել է․ «Հաշվի առնելով, որ 2026 թվականի ինն ամիսների ՀՀ պետական բյուջեի փաստացի եկամուտներն էականորեն գերազանցել են պլանային ցուցանիշները, և մուտքագրվել են լրացուցիչ եկամուտներ, առաջարկում ենք միջոցառման ֆինանսավորման աղբյուր դիտարկել ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներն ու պետական տուրքերը՝ համապատասխան չափով ավելացնելով նաև ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի պլանային ցուցանիշները»։

Երբ կառավարությունը հավանություն տա, վարչապետի ստորագրելուց հետո որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Leave a comment