SpaceX-ը նախատեսում է 40 մլրդ դոլար ներգրավել Nvidia-ի չիպեր գնելու համար

Elon Musk-ի SpaceX-ը բանակցություններ է վարում բանկերի և ներդրողների հետ՝ Nvidia Corp.-ի չիպերի գնման համար 40 մլրդ դոլար ներգրավելու շուրջ, Bloomberg-ին հայտնել են հարցին ծանոթ աղբյուրները։ Գործարքը կարող է դառնալ արհեստական բանականության ենթակառուցվածքների պարտքային ֆինանսավորման պատմության խոշորագույն գործարքներից մեկը։

Pacific Investment Management Co.-ն այն ակտիվների կառավարիչների թվում է, որոնք դիտարկում են գործարքին մասնակցելու հնարավորությունը։ Բանակցությունները դեռ վաղ փուլում են և կարող են ավարտվել առանց գործարքի կնքման։

Financial Times-ի տվյալներով՝ Իլոն Մասկի՝ արհեստական բանականության, արբանյակների և հրթիռների ոլորտներում գործող բիզնեսները միավորող խումբը նախատեսում է ներգրավել շուրջ 10 մլրդ դոլար բանկային վարկերի և ևս 30 մլրդ դոլար՝ ներդրումային վարկանիշ ունեցող պարտքային արժեթղթերի թողարկման միջոցով։ Ֆինանսավորման կազմակերպմամբ զբաղվում է Apollo Global Management Inc.-ը։

Տեխնոլոգիական ընկերություններն ու ԱԲ մոդելների մշակողները հարյուրավոր միլիարդավոր դոլարներ են ներդնում և փոխառում՝ արհեստական բանականության համակարգերի համար անհրաժեշտ չիպերով հագեցած հսկայական տվյալների կենտրոններ կառուցելու և վարձակալելու նպատակով։ Հաշվողական հզորությունների համաշխարհային ընդլայնումը կտրուկ բարձրացրել է հողի, չիպերի և էներգետիկ սարքավորումների արժեքը՝ հանգեցնելով խոշոր ֆինանսավորման գործարքների աճին։ Մասնավորապես, Broadcom Inc.-ի բանկային սինդիկատը Ուոլ Սթրիթում սկսել է 60 մլրդ դոլար ֆինանսավորման ներգրավում՝ Anthropic PBC-ի և այլ ընկերությունների համար ԱԲ չիպեր ձեռք բերելու նպատակով։

SpaceX-ը, Nvidia-ն և Apollo-ն չեն մեկնաբանել տեղեկությունը։ Հաղորդագրությունից հետո SpaceX-ի բաժնետոմսերը հետբորսայական առևտրում կորցրել են աճի մի մասը՝ նվազելով 1.2%-ով՝ մինչև 169.79 դոլար, մինչդեռ Nvidia-ի բաժնետոմսերը փոքր-ինչ թանկացել են։

Musk-ի xAI ընկերության Colossus 2 ԱԲ հաշվողական կլաստերն այժմ ունի 110 000 Nvidia GB200 և 440 000 GB300 չիպ։ Իլոն Մասկի խոսքով՝ նախատեսվում է գործարկել ևս 660 000 GB300 չիպ, ինչի արդյունքում կլաստերի հաշվողական հզորությունները կարող են զգալիորեն աճել։

Apollo-ն նախկինում ևս մասնակցել է Իլոն Մասկի ընկերությունների ֆինանսավորմանը՝ xAI-ի համար ներգրավելով 7 մլրդ դոլար՝ Nvidia-ի չիպերի հասանելիությունն ապահովելու նպատակով։ Ընկերությունը նաև Nvidia-ի ձևավորած ներդրումային խմբի անդամ է՝ Blackstone Inc.-ի, BlackRock Inc.-ի, Brookfield Asset Management-ի, Goldman Sachs Group Inc.-ի և KKR & Co.-ի հետ։ Խումբը նպատակ ունի մինչև 500 մլրդ դոլար ֆինանսավորում ապահովել ԱԲ ենթակառուցվածքների համար՝ հիմնական շեշտը դնելով պարտքային ֆինանսավորման վրա։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment