Շաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակալման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դա արդեն իսկ ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր, հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում:
Պապիկյանի խոսքով՝ թերացումներ, բնականաբար, եղել են, հայտնում է Aysor.am-ը:
«Այդ թերացումները ունեցել են և կունենան հետևանքներ, բայց ամբողջական հետևանքների մասին կարող ենք խոսել ծառայողական քննությունից հետո»,-հավելել է նա:
Նա նշել է նաև, որ մանրամասներ հնարավոր կլինի տրամադրել ծառայողական քննությունից և քննչական գործողությունների ավարտից հետո։
Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն և հայտնաբերվելուց հետո զենքից կրակոցներ է արձակել։ Կրակոցի հետևանքով վիրավորվել է 1987 թվականին ծնված կինը, վնասվածքներ են ստացել նաև նրա 3 երեխաներից 2-ը: Դրանից հետո ադրբեջանցին փախուստի է դիմել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել է Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում։ Նա 2 ամսով կալանավորվել է: