Կինը ոստիկանությանը հայտնել է, որ հարևանուհին թունավորել է իրեն պատկանող 2 սագերին և 1 բադին՝ պատճառելով մոտ 23 հազ. դրամի վնաս
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 28-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժին է դիմել Արարատի մարզի բնակիչ 50-ամյա Ի. Թ․-ն և հայտնել, որ իր հարևանուհին 65-ամյա Ս. Բ․-ն մի քանի օրվա ընթացքում թունավորել է իրեն պատկանող, իր բակում գտնվող երկու սագերին և մեկ բադին՝ պատճառելով մոտ 23 հազար դրամի վնաս։
Ինչպես հայտնում է կայքը, ահազանգողի տուն են ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ որտեղ կինը պնդել է իր հայտնածը։
Ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ ՔԿ-ի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։