Մայր Աթոռում դատապարտել են եկեղեցու վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը

Հոկտեմբերի 6-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել մի խումբ հեղինակավոր իրավաբանների, իրավապաշտպանների և սահմանադրագետների հետ։ Քննարկվել են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները և Ազգային ժողովի՝ Հայոց եկեղեցուն վերաբերող նախաձեռնությունները։

Խորհրդակցության մասնակիցները դատապարտել են եկեղեցու վերաբերյալ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծումը՝ այն որակելով բացահայտ հակասահմանադրական և եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը միջամտելու փորձ։

Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքն է հայտնել մասնակիցներին եկեղեցու իրավունքների պաշտպանության հարցում ցուցաբերած նախանձախնդրության համար։ Նա կարևորել է մասնագետների աջակցությունը՝ եկեղեցու առջև ծառացած խնդիրների հաղթահարման իրավական ճանապարհները նախանշելու գործում։

Այնուհետև իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը և փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Արա Զոհրաբյանն անդրադարձել են եկեղեցուն վերաբերող նախաձեռնություններին։

Հանդիպման ընթացքում տեղեկություններ են ներկայացվել նաև եկեղեցուն ու եկեղեցականներին առնչվող քրեական վարույթների ընթացքի, ընդունված դատական ակտերի և իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։

Ընդգծվել է, որ եկեղեցու ղեկավարությանը, ներքին կառավարմանն ու կանոնական կյանքին վերաբերող հարցերը չեն մտնում Ազգային ժողովի իրավասության մեջ և չեն կարող խորհրդարանական վերահսկողության առարկա դառնալ։

Մասնակիցները նշել են նաև, որ խորհրդարանական վերահսկողություն սահմանելու փորձերը հակասում են պետությունից Եկեղեցու անջատ լինելու և կրոնական կազմակերպությունների ինքնավարության սահմանադրական սկզբունքներին, ինչպես նաև կրոնական ազատության պաշտպանության միջազգային չափանիշներին։

Հանդիպման ընթացքում առաջարկություններ են ներկայացվել Հայոց եկեղեցու և եկեղեցականների իրավունքների պաշտպանության ներպետական ու միջազգային իրավական միջոցների կիրառման վերաբերյալ։ Քննարկվել են նաև Եկեղեցու բնականոն գործունեությունն ու հոգևոր ծառայությունը խաթարող խոչընդոտների հաղթահարման հնարավորությունները։

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց կաթողիկոսը վերահաստատել է, որ Հայ եկեղեցին մշտապես գործել և շարունակում է գործել օրենքի սահմաններում։ Նա նշել է, որ Մայր Աթոռի պահանջն իրավունքի ու օրենքի գերակայության ապահովումն է և եկեղեցու սահմանադրական ինքնավարության նկատմամբ հարգանքը։

Նորին Սրբությունը կարևորել է մասնագետների ներկայացրած գնահատականներն ու առաջարկությունները՝ առկա խնդիրների հանգուցալուծման տեսանկյունից, և Տիրոջ զորակցությունն է հայցել արդարության ու ճշմարտության պաշտպանությանն ուղղված իրավաբանների գործունեությանը։

Հրապարակվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը: Նշվում է, որ զեկույցի պատրաստումը բխում է ՀՀ կառավարության 2026–2031 թթ. ծրագրից և պատրաստվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ: Զեկույցը պատրաստվել է «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

Որպես առաջին քայլ առաջարկվում է Բարենորոգման համակարգող խմբի ձևավորում՝ հոգևորականների և աշխարհականների մասնակցությամբ, և դրա կազմի ընդլայնման ընթացակարգի հրապարակում, որպես երկրորդ քայլ՝ ՀԱԵ «փաստացի պետի հեռացում»:

Leave a comment