Հայաստանը և Հնդկաստանը քննարկում են Հայաստանի տարածքում հնդկական Pinaka Mk-II համազարկային կրակի համակարգերի հրթիռների արտադրություն և հավաքում կազմակերպելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Indian Defence Research Wing (IDRW) պարբերականը։
Հնարավոր համաձայնագիրը կարող է երկու երկրների ռազմարդյունաբերական համագործակցության նոր փուլ դառնալ՝ թույլ տալով Հայաստանին մասնակիորեն նվազեցնել կախվածությունը ներկրվող զինամթերքից։ Հայկական զինված ուժերն արդեն ստացել են հնդկական Pinaka Mk-II ուղղորդվող, ինչպես նաև մեծ հեռահարության չուղղորդվող հրթիռներ, սակայն դեռևս հստակեցված չէ, թե որ ձևափոխությունն է դառնալու տեղական արտադրության հիմքը։
IDRW-ի փոխանցմամբ՝ սեփական տարածքում արտադրություն հիմնելու Երևանի հետաքրքրությունը պայմանավորված է ժամանակակից հրթիռային արտիլերիայի առանձնահատկություններով, քանի որ տևական մարտական գործողությունների ընթացքում սպառվում է հսկայական քանակությամբ զինամթերք։ Տեղական արտադրությունը թույլ կտա մեծացնել մատակարարումների կայունությունն ու ապահովել անհրաժեշտ պաշարներ։
Համաձայնության հասնելու դեպքում հնդկական կողմը կարող է ցուցաբերել տեխնոլոգիական աջակցություն, օգնել արտադրական գործընթացների կազմակերպմանն ու վերապատրաստել հայ մասնագետներին։ Նախատեսվում է, որ տեղայնացումը կիրականացվի փուլ առ փուլ։ Առայժմ կողմերը վերջնական համաձայնագրի կնքման մասին պաշտոնապես չեն հայտարարել։