Փաստաբաններ․ Գագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը նրան չի պատկանել (PAN.am)

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ նրան վերագրվող կտավների մի զգալի մասը պատկանել են Խաչատրյանների ընտանիքի այլ անդամների, որոնք դրանք ստացվել են որպես նվեր, տարբեր ժամանակահատվածներում։

Նշվում է, որ խախտվել են Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը և Խաչատրյանների ընտանիքի անդամների մասնավոր ու անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։ Փաստաբանները նախաքննական մարմնի գործողություններն ապօրինի են որակել։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հասանելի կլինի հանրությանը։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը, ԿԳՄՍ նախարարը և գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ և ծանոթացել քրեական վարույթի շրջանակում առգրավված կտավների ցուցադրությանը։ Քննչական գործողություններից հետո դրանք ի պահ են հանձնվել «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին։

«Մասնավորապես, այս գործողությունները ոչ միայն ակնհայտ ոչ իրավաչափ են և ոչ միայն կոպիտ կերպով խախտում են այդ կտավների սեփականատերերի՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը, այլև ակնհայտորեն ոտնահարում են նրանց մասնավոր, անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։ Այս համատեքստում նախևառաջ ցանկանում ենք տեղեկացնել, որ իրականությանը չեն համապատասխանում այն տվյալները, թե իբրև այդ բոլոր կտավներն առգրավվել են Գագիկ Խաչատրյանից, քանի որ դրանք առգրավվել են Խաչատրյաններին պատկանող բնակարանից, որում գտնվել են ընտանիքի բազմաթիվ անդամներին պատկանող, այդ թվում՝ տարբեր ժամանակահատվածներում նրանց նվիրված կտավներ, որոնց առգրավումը ևս ակնհայտ անօրինական է»,– գրել են փաստաբանները։

Փաստաբանները շեշտել են, որ վարույթն իրականացնող մարմինը մինչ օրս չի փորձել Խաչատրյանների ընտանիքից պարզաբանումներ ստանալ կտավների ծագման և դրանց օրինականության վերաբերյալ։

«Օրենքը խստիվ արգելում է քրեական վարույթի շրջանակներում առգրավված՝ այլ անձանց սեփականություն հանդիսացող գույքի օգտագործումը վարույթն իրականացնող մարմնի կամ այլոց կողմից, ուստի դրանք Ազգային պատկերասրահի կողմից բաց ցուցադրության դնելը խստորեն արգելված է օրենքով, ինչպես նաև խախտում է դրանց սեփականատերերի սեփականության և մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքը։ Ավելին` վարույթն իրականացնող մարմնի կողմից դրանց ցուցադրությունը, այլ ոչ թե անվնաս պահպանությունն ինքնին վկայում է այն մասին, որ այդ կտավները չեն եղել և չեն կարող սույն քրեական գործով որպես իրեղեն ապացույց լինել»,–ասվում է հայտարարության մեջ:

Խաչատրյանի փաստաբանական խումբը բոլոր հարցերը պարզաբանելու նպատակով գրավոր հարցում է ուղարկել ՀՀ Քննչական կոմիտե։

Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ, ինչի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Գործի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել Խաչատրյանի և նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված մոտ 21 ընկերությունների գրասենյակներում ու մասնաճյուղերում։

Leave a comment