Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին

Քաղաքականություն

07.10.2026 | 15:51

«Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (BND) նախկին ղեկավար Ավգուստ Հաննինգի նկատմամբ իրականացվող հետաքննության շրջանակում մի շարք արտասահմանյան լրատվամիջոցների կողմից տարածվող տեղեկությունը, որում հիշատակվում է Ադրբեջանը, ապատեղեկատվական բնույթ ունի և դիտարկվում է որպես վերջին շրջանում Ադրբեջանի դեմ ակտիվորեն իրականացվող վարկաբեկման արշավի բաղկացուցիչ մաս»։ Այս մասին ասվում է Ադրբեջանի Մեդիայի և հեռարձակման խորհրդի հայտարարության մեջ։

Նշվում է, թե, իբր, Ադրբեջանը հիշյալ հետաքննության հետ կապող անհիմն պնդումները, որոնք ի սկզբանե տարածվել են գերմանական Der Spiegel պարբերականի կողմից, այնուհետև վերարտադրվել են Reuters, AFP, France 24, The Times, The Telegraph և միջազգային այլ լրատվամիջոցներում, լայն լսարանին ներկայացվում են որպես փաստ, ինչը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։

«Այս ապատեղեկատվական գործողության հետևում կանգնած ուժերի կեղտոտ մտադրությունն այն է, որ վնաս հասցվի ադրբեջանա-գերմանական հարաբերություններին, որոնք վերջին շրջանում զարգացում են ստացել։ Ադրբեջանի Մեդիայի և հեռարձակման խորհուրդը վճռականորեն դատապարտում է նման ապատեղեկատվական արշավները, որոնք ուղղված են միջազգային տեղեկատվական տարածքում Ադրբեջանին անհիմն կերպով բացասական համատեքստում ներկայացնելուն, և կոչ է անում միջազգային լրատվամիջոցներին խստորեն պահպանել մասնագիտական լրագրության հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ ճշգրտության, օբյեկտիվության, վստահելի աղբյուրներին հղում կատարելու և տեղեկատվությունը ստուգելու սկզբունքները, թույլ չտալ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության տարածում և հասարակական կարծիքի մանիպուլյացիա»,- նշվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի արտաքին հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալներ փոխանցել Ադրբեջանին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment