Քննարկվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի կառույցներում ՀՀ ներկայացվածության ընդլայնման հարցեր

Հոկտեմբերի 6-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում անցկացվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի հերթական նիստը՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ։ Քննարկման առանցքում են եղել ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ Հայաստանի համագործակցությանը, մշակույթին, կրթությանը, բնական ժառանգության պահպանությանը և միջազգային կառույցներում երկրի ներկայացվածության ընդլայնմանը վերաբերող հարցերը։

Միրզոյանը բացման խոսքով անդրադարձել է բազմակողմ հարթակներում Հայաստանի ներգրավվածության առաջնահերթություններին, ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ փոխգործակցության հարցերին, ինչպես նաև արտաքին քաղաքական օրակարգից բխող նախաձեռնություններին։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական և հիմնական ցանկերում, ինչպես նաև ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում Հայաստանի կողմից նոր գրանցումներ իրականացնելու նախաձեռնությունները։ Նա անդրադարձել է նաև Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցման հայտերին և այդ ուղղությամբ իրականացվող ընթացիկ աշխատանքներին։

Քննարկվել են մշակույթի և կրթության ոլորտներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունն ապահովելուն ուղղված քայլերը։ Անդրադարձ է կատարվել Ստեղծարար և ուսումնառող քաղաքների ցանցերին հայկական քաղաքների անդամակցությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների ցանցում՝ ASPnet-ում, Հայաստանի մասնակցության ընդլայնմանը, ինչպես նաև այս ուղղություններով նորարարական մոտեցումների ներդրմանը։

Մտքեր են փոխանակվել նաև 2028-2029 թվականներին ՅՈւՆԵՍԿՕ-ի օրացույցում հոբելյաններ ներառելու վերաբերյալ առաջարկությունների շուրջ։ Տարբեր ծրագրերի իրականացման առավելությունների քննարկման համատեքստում կարևորվել է դրանց ռազմավարական ընտրությունը՝ հաշվի առնելով նաև Հայաստանի տնտեսական զարգացման և հանրային կյանքի վրա հնարավոր անմիջական ազդեցությունը։

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է բնապահպանության և բնական ժառանգության պահպանության ոլորտների փոխկապակցվածությունը։ Նա անդրադարձել է այդ ուղղությամբ միջազգային համագործակցությունը զարգացնելու Հայաստանի հնարավորություններին՝ այդ թվում որպես COP17 համաժողովը հյուրընկալող երկիր։ Այլ նախաձեռնությունների թվում քննարկվել է նաև «Մարդը և կենսոլորտը» ծրագրի շրջանակում համագործակցության ակտիվացումը։

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է ՅՈւՆԵՍԿՕ-ի մասնագիտական մարմիններում Հայաստանի ներկայացվածությունն ընդլայնելու ուղղությամբ վերջին շրջանում կատարված աշխատանքները և արձանագրված ձեռքբերումները։

Նիստում նախանշվել են Հայաստանի համար առաջնահերթ ուղղություններով հետագա անելիքներն ու նախաձեռնությունները, այդ թվում՝ «Կրթությունը հանուն խաղաղության» տեսլականի շրջանակում։

Մասնակիցները մտքեր են փոխանակել նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության ընդլայնվող ուղղություններին համապատասխան՝ ազգային հանձնաժողովի կառուցվածքային և մասնագիտական ներուժի շարունակական կատարելագործման հարցերի շուրջ։

Նիստին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ինչպես նաև ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ վարչապետի աշխատակազմի, Երևանի քաղաքապետարանի, Մատենադարանի և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Leave a comment