Հայաստանը մասնակցում է Հնդկաստանում անցկացվող միջազգային արհեստների փառատոն-տոնավաճառին (ՖՈՏՈ)

Հայաստանը մասնակցում է Հնդկաստանի Ֆարիդաբադ քաղաքում անցկացվող Սուրաջկունդի 39-րդ միջազգային արհեստների փառատոն-տոնավաճառին. ՖՈՏՈ


ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանը մասնակցում է Հնդկաստանի Ֆարիդաբադ քաղաքում անցկացվող Սուրաջկունդի 39-րդ միջազգային արհեստների փառատոն-տոնավաճառին։


«Միջոցառումը, որը կտևի մինչև փետրվարի 15-ը, միավորում է աշխարհի տարբեր երկրներից մշակութային ժառանգության և արհեստագործ վարպետներին», – նշվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։


Հայաստանը ներկայացնում են Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի ձեռարվեստի վարպետներ Արմենուհի Խաչատրյանը, Օվսաննա Պապիկյանը, Արմինե Պողոսյանը։ Հայաստանի տաղավարում ներկայացված են հայկական գործվածքներ՝ կարպետներ, ասեղնագործ և թաղիքագործ աշխատանքներ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ և հուշանվերներ։


Փառատոնի ընթացքում իրականացվում են նաև ձեռագործ աշխատանքների վարպետության դասեր՝ հնարավորություն ընձեռելով միջազգային այցելուներին ծանոթանալու հայկական ավանդական արհեստների առանձնահատկություններին։


ԿԳՄՍ նախարարությունը նշել է, որ այս փառատոնին մասնակցությունը նպաստում է Հայաստանի և այլ երկրների ժողովրդական ստեղծագործողների միջև համագործակցության նոր հեռանկարների ձևավորմանը, ժողովրդական արվեստի միջազգային ճանաչելիության բարձրացմանը, ինչպես նաև Հայաստան-Հնդկաստան մշակութային կապերի ամրապնդմանը՝ ընդգծելով երկու ժողովուրդների պատմական և մշակութային ընդհանրությունները։








Leave a comment