Ղազախստանը նախատեսում է մինչև 2030 թվականը ոչ միայն ամբողջությամբ ապահովել ներքին շուկայի նավթամթերքի պահանջարկը, այլև պատրաստի նավթամթերք արտահանել Կենտրոնական Ասիայի երկրներ, հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Երլան Ակկենժենովը։
«Ընդհանուր առմամբ ակնկալվում է, որ 2030 թվականին Ղազախստանը ոչ միայն ամբողջությամբ կապահովի սեփական պահանջարկը, այլև արտահանման ներուժ կունենա և պատրաստի նավթամթերք կարտահանի Կենտրոնական Ասիայի երկրներ», — ասել է Ակկենժենովը օրերս՝ Ղուրուլթայի նիստում։
Նրա խոսքով՝ ներկայում Ղազախստանում գործում են երեք խոշոր նավթավերամշակման գործարաններ՝ Ատիրաուի, Շիմքենթի և Պավլոդարի։
«Անցյալ տարի մենք վերամշակել ենք 18.4 մլն տոննա նավթ և ստացել շուրջ 15.5 մլն տոննա պատրաստի նավթամթերք։ Այս ծավալն այսօր բավարարում է մեր ներքին պահանջարկի ավելի քան 90%-ը», — նշել է Ակկենժենովը։
Նախարարը հավելել է, որ Շիմքենթի նավթավերամշակման գործարանի հզորությունը նախատեսվում է տարեկան 6 մլն տոննայից հասցնել 12 մլն տոննայի, իսկ Պավլոդարի գործարանի հզորությունն ավելացնել ևս 2 մլն տոննայով։ Ըստ նրա՝ այս ընդլայնումները հնարավորություն կտան ամբողջությամբ բավարարել երկրի ներքին պահանջարկը։