Փաստաբան․ ՊՆ-ն մի շարք արցախցի զինծառայողների զրկել է ծառայողական բնակարաններից օգտվելու իրավունքից

Փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների՝ ծառայողական հիմունքներով իրենց հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Նա հավելել է, որ վարչական ակտերը վիճարկվել են դատական կարգով:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը։ Նշված բնակարանները նրանց միակ կեցության վայրերն էին Հայաստանի Հանրապետությունում։

Վարչական ակտերն ակնհայտ անհիմն են, ուստի վիճարկվել են դատական կարգով։ Մինչև հարցի վերջանական լուծումը զինծառայողներին չեն կարող վտարել իրենց բնակարաններից»,-ասվում է գրառման մեջ:

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։

Leave a comment