Ձնաբքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ՎԻԴԵՈ)

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են. ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի 13-ին՝ ժամը 8:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:


Այս մասին հայտնում է ՀՀ Ճանապարհային դեպարտամենտը։


Նշվում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։


Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։


Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Ծիլքար-Ռյա Թազա ճանապարհահատվածում բուք է։


Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Նորավան-Հարժիս-Գորիսի «Ջանգեր» կոչվող հատվածը, Ալագյազ-Ծաղկահովիտ-Գեղադիր, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:


Դեպարտամենտը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Leave a comment