Կոս․ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրամիություն (PAN.am)

Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ԵՄ-ին ավելի մոտենալու գործընթացում, հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը Եվրախորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Մենք պատրաստ ենք, և եթե նրանք կատարում են իրենց պարտավորությունները, մենք նույնպես կատարում ենք մերը: Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն: Այս պահին այն միակ երկիրն է, որի հետ մենք վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցություններ ենք վարում »,- ասել է Կոսը, հայտնում է Արմենպրեսը:

Պաշտոնյան նաև հիշեցրել է Հայաստանի տնտեսությանը ԵՄ աջակցության մասին:

«Մենք շատ հարցերում աջակցում ենք, որովհետև Ռուսաստանն արգելել է ներմուծումը ձեր երկրից»,- հայտարարել է նա` պատասխանելով հայ լրագրողի հարցին։

Մարթա Կոսը հավելել է, որ, գոյություն ունի նաև Հայաստանի տնտեսական զարգացման համար հատուկ փաթեթ:

Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է ԵՄ ընդլայնման շուրջ բանակցությունների որոշ փուլերում այլևս չպահանջել միաձայն որոշումներ և միաժամանակ ուժեղացնել ապագա անդամների նկատմամբ պաշտպանական մեխանիզմները, հայտնում է Factor.am-ը:

Հրապարակված փաստաթղթով առաջարկվել է անդամակցության բանակցային կլաստերների բացման և մի շարք միջանկյալ որոշումների ընդունման ժամանակ անցնել որակյալ մեծամասնությամբ քվեարկության։ Եվրոպական հանձնաժողովի գնահատմամբ՝ նման փոփոխությունը կարող է ընդլայնման գործընթացն ավելի դինամիկ դարձնել։

Փաթեթով նաև առաջարկվել է թեկնածու երկրներին մինչև լիարժեք անդամակցությունն աստիճանաբար ավելի սերտ ներգրավել ԵՄ կանոնակարգերում։ Խոսքը, մասնավորապես, էներգետիկայի, տրանսպորտի, թվային ոլորտի և պաշտպանության բնագավառների մասին է։ Այդ մասնակցությունը պայմանավորված կլինի սահմանված պահանջների կատարմամբ և յուրաքանչյուր երկրի արձանագրած առաջընթացով, իսկ գործընթացը կմնա հետադարձելի։

Հայաստանի կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, չի բացառել Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնելու հնարավորությունը։ Factor TV-ն մամուլի ասուլիսի ընթացքում ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսից հետաքրքրվել է՝ արդյոք Հայաստանը դիմում ներկայացնելու դեպքում կարող է օգտվել աստիճանական ինտեգրման հնարավորություններից՝ դեռևս թեկնածու երկրի կարգավիճակ չստացած, և ինչ պայմաններ պետք է կատարի դրա համար։

«Սա մեծ ճանապարհային քարտեզ է՝ Եվրամիության ներսում պատրաստվելու և թեկնածու երկրներին ազդանշան տալու համար, որ մենք պատրաստ ենք։ Եթե նրանք արդյունք ապահովեն, մենք նույնպես կապահովենք։ Եվ մենք արդյունքներ ենք ապահովում նաև Հայաստանի համար։ Այդ երկիրը նույնպես իմ պատասխանատվության տիրույթում է, քանի որ ես պատասխանատու եմ Արևելյան գործընկերության համար»,- ասել է նա՝ ընգծելով, որ աջակցության հատուկ փաթեթներ չեն նախատեսվում այս փաստաթղթում։

Ասուլիսի ավարտից հետո Մարթա Կոսը հաստատել է, որ Եվրամիությունը Հայաստանից ԵՄ-ին անդամակցելու ցանկության վերաբերյալ պաշտոնական նամակ դեռ չի ստացել։

Օգոստոսի 24-ին Ազգային ժողովի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Հայաստանը նախ պետք է անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնի Եվրամիությանը։ Սա նույնպես ծավալուն աշխատանք պահանջող գործընթաց է, և առաջիկայում մենք, թերևս, կսկսենք այս գործընթացը, առավել ևս՝ ԵՏՄ մեր գործընկերների հորդորներին ականջալուր լինելով»։

Leave a comment