Ռուսական զորքերը հոկտեմբերի լույս 7-ի գիշերը կրկին զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային։ Կիևում երկու մարդ է զոհվել։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի տեղեկացմամբ՝ նրանց մարմինները հայտնաբերվել են Դարնիցկի շրջանում ավտոտնակների կոոպերատիվում բռնկված հրդեհը մարելու ժամանակ, գրում է Current time-ը։
Օբոլոնսկի և Շևչենկովսկի շրջաններում հարվածներ են գրանցվել ոչ բնակելի շինությունների տարածքում, իսկ Պոդոլսկի շրջանում վնասվել է գրասենյակային-պահեստային շենք․ փլուզվել են միջհարկային ծածկերը, բռնկվել է հրդեհ։ Տեղական ալիքները գրում են, որ հարձակման հետևանքով Կիևում ոչնչացվել է «Դնիպրո-Մ» խանութների ցանցի պահեստը։
Կիևի մարզը ենթարկվել է համակցված հարձակման՝ անօդաչու թռչող սարքերի և բալիստիկ հրթիռների կիրառմամբ, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։ Օբուխովի շրջանում վնասվել են երեք արտադրական-պահեստային տարածքներ, բեռնատար ավտոմեքենա։
Պոլտավայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Դյակիվնիչը հայտնել է Կրեմենչուգի վրա զանգվածային հարձակման մասին։ Նրա խոսքով՝ վնասվել են բազմաբնակարան շենքեր, ինչպես նաև հարձակման է ենթարկվել ձեռնարկություններից մեկը։ Չորս մարդ զոհվել է, ևս յոթը՝ վիրավորվել։
Պրիլուկիում հրթիռային հարվածի հետևանքով վնասվել է բազմահարկ բնակելի շենք։
«Հարվածներից մեկն ուղղակի բազմահարկ բնակելի շենքին է։ Առավոտյան, երբ մարդիկ դեռ քնած էին։ Նախնական տվյալներով՝ արդեն հայտնի է զոհերի և վիրավորների մասին»,- գրել է Չեռնիգովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսը։
Նրա խոսքով՝ փլատակների մաքրման և որոնողական աշխատանքները շարունակվում են։
Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլի շրջանում մասնավոր բնակելի տան ուղղությամբ հարվածի հետևանքով երկու մարդ է տուժել, հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։ Դնեպրում վնասվել են արդյունաբերական ձեռնարկություն, բազմաբնակարան շենքեր և մարզական ակումբ։
Զապորոժիեում էլ ռուս զինվորականները հարվածել են տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտի։ Ճանապարհների առանձին հատվածներում հնարավոր են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ, գրել է Զապորոժիեի մարզային ռազմական վարչակազմի պաշտոնակատար ղեկավար Միխայիլ Սեմիկինը։
Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է հականավային և բալիստիկ հրթիռներ, 48 թևավոր հրթիռ և 130 անօդաչու թռչող սարք։ Դրանցից խոցվել է հինգ բալիստիկ հրթիռ, 39 թևավոր հրթիռ և 117 անօդաչու թռչող սարք։ Հարվածների հիմնական ուղղություններն են եղել Կիևի, Խարկովի, Պոլտավայի և Դնեպրոպետրովսկի մարզերը։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների խոցման մասին, որոնք «Fire Point» ընկերության շահերից ելնելով զբաղվում էին Կիևում, Կիևի, Չեռնիգովի, Կիրովոգրադի, Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի և Խարկովի մարզերում հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ ու պահեստավորմամբ, ինչպես նաև Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտների և ծովային նավերի խոցման մասին։
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների հարվածելու մասին, որոնք «Fire Point» ընկերության շահերից ելնելով զբաղվում էին Կիևում, Կիևի, Չեռնիգովի, Կիրովոգրադի, Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի և Խարկովի մարզերում հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ ու պահեստավորմամբ, ինչպես նաև Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտների և ծովային նավերին հարվածների մասին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի