ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ն ուզում է ՌԴ վրա բարդել 102-րդ ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը

Հայաստանը ցանկանում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ապագայի պատասխանատվությունը բարդել ՌԴ վրա։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

«Ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը Մոսկվայի վրա դնելու փորձերը տեղավորվում են ներկայիս հայկական քաղաքական մտքի մի հետաքրքիր առանձնահատկության մեջ։ Երևանում իշխող վերնախավը հաճախ սպասում է, որ առավել կարևոր որոշումները կընդունվեն արտաքին խաղացողների կողմից», — ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին:

Դիվանագետը որպես օրինակներ մատնանշել է Հայաստանի ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև ընտրության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու համար նախ անհրաժեշտ է դրական արձագանք ստանալ Բրյուսելից։ ՀԱՊԿ-ի առնչությամբ, ըստ նրա, հնչել են նաև տեսակետներ, թե Հայաստանին այդ կազմակերպությունից հեռացնելու դեպքում կառավարությունը կազատվի դուրս գալու կամ մնալու երկընտրանքից։

Միաժամանակ Կալուգինը հայտնել է, որ Մոսկվան պատրաստ է քննարկել Գյումրու ռազմաբազային առնչվող բոլոր հարցերը։ Նրա խոսքով՝ երկխոսությունը պետք է կառուցվի ռուսական զորակազմի ներկայությունը կարգավորող համաձայնագրերի հիման վրա։

Նա նաև նշել է, որ նման քննարկման կայացման դեպքում անդրադարձ է կատարվելու հայկական որոշ լրատվամիջոցների հարթակներում տարածվող նյութերին, որոնց նպատակը, ըստ նրա, ռուսական ներկայությունը վարկաբեկելն ու այն գրեթե որպես «օկուպացիայի տարր» ներկայացնելն է։

«Հուսով ենք, որ նման սյուժեների և հոդվածների հեղինակները գիտակցում են, որ իրականում որևէ քիչ թե շատ լուրջ այլընտրանք չկա», — ասել է դեպարտամենտի տնօրենը։

Կալուգինը հավելել է, որ վերջին սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներով՝ Հայաստանի բնակչությունը նույնպես դա լավ է հասկանում։

«Հանրապետության քաղաքացիների հստակ մեծամասնությունը կողմ է Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայության շարունակմանը, որն այս տարիների ընթացքում բազմաթիվ քաղաքացիների համար դարձել է ձգողականության վայր։ Առնվազն դա երևում է այն հետաքրքրությունից, որը նրանք ցուցաբերում են պարբերաբար անցկացվող բաց դռների օրերի նկատմամբ», — եզրափակել է դիվանագետը։

Սեպտեմբերի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե Երևանի կարծիքով Գյումրու ռազմաբազան անհրաժեշտ չէ, ռուսական կողմը պատրաստ է հենց վաղը հեռանալ և ոչինչ չի պատրաստվում պարտադրել։

ՌԴ ԱԳՆ-ում նաև ընդգծել են, որ այդ ռազմական օբյեկտը համարվում է ինչպես Հայաստանի, այնպես էլ ընդհանուր առմամբ Հարավային Կովկասի անվտանգության ապահովման հենասյուներից մեկը։ Ռազմաբազան Հայաստանում տեղակայված է 1995 թվականի միջպետական պայմանագրի հիման վրա։ 2010 թվականին փաստաթղթում փոփոխություններ են կատարվել, որոնցով ռազմաբազայի ներկայության սկզբնական 25-ամյա ժամկետը երկարաձգվել է մինչև 2044 թվականը։

Leave a comment