Ադրբեջանական կողմը հայտնել է, որ 2026 թվականի հունվարին Հայաստանի ներկայացրած 50 անձանց ԴՆԹ պրոֆիլները չեն համընկել Արցախի տարածքում հայտնաբերված աճյունների հետ։ Այդ մասին հայտարարել է Ռազմագերիների, անհետ կորածների և պատանդ վերցված քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ, Պետական անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Ալի Նագիևը՝ Ադրբեջանում Բաքվի՝ անհետ կորածների հարցերով երկխոսության շրջանակում անցկացվող չորրորդ միջազգային համաժողովում։
Նշվում է, որ Ադրբեջանը հայկական կողմին առաջարկել է համապատասխան ԴՆԹ նմուշներ տրամադրել՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում հայտնաբերված և, ենթադրաբար, հայ զինծառայողներին պատկանող մարդկային աճյունների ինքնությունը պարզելու համար, գրում է APA-ն:
Հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ փորձաքննությունների ընթացքում որևէ համընկնում չի հաստատվել 2026 թվականի հունվարին Հայաստանի ներկայացրած՝ ըստ հաղորդումների անհետ կորած հայկական ծագմամբ 50 անձանց ԴՆԹ պրոֆիլների և հայտնաբերված աճյունների միջև։
Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Ֆարիզ Ռզաևը հայտարարել է, որ Հայաստանը պետք է «տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների վերաբերյալ իր տրամադրության տակ եղած ամբողջ տեղեկատվությունը»։
Նա նշել է, որ գերության մեջ գտնվելու, տեղաշարժերի և մահվան դեպքերի վերաբերյալ գրառումները, վկաների ցուցմունքները, ինչպես նաև անհատական կամ զանգվածային թաղման վայրերի մասին տեղեկությունները մեծ նշանակություն ունեն անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու համար։
«Նույնիսկ ոչ ամբողջական տեղեկատվությունը կարող է նշանակություն ունենալ, երբ այն ուսումնասիրվում է այլ ապացույցների հետ միասին», — նշել է Ֆարիզ Ռզաևը։
Փոխնախարարը Հայաստանին կոչ է արել տրամադրել ամբողջ տեղեկատվությունը, որը կարող է «հստակություն մտցնել անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի և գտնվելու վայրի հարցում, այդ թվում՝ թաղման վայրերի մասին տվյալները»։
Նա հայտարարել է, որ Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի հետ համագործակցության շրջանակում Ադրբեջանի պետական հանձնաժողովն աշխատում է Տվյալների կառավարման ինտեգրված համակարգի և այն լրացնող առցանց դիմումների կենտրոնի նախնական ներդրման ուղղությամբ։
Ֆարիզ Ռզաևի խոսքով՝ համակարգը հնարավորություն է տալու առկա տեղեկատվությունը միավորել միասնական տվյալների բազայում, լիազորված մարմիններին թույլ է տալու կառավարել ու համադրել տվյալները, ինչպես նաև գաղտնիության պահպանմամբ տեղեկություններ տրամադրել անհետ կորած անձանց և թաղման վայրերի վերաբերյալ։
Նա նշել է, որ համակարգի արդյունավետությունը կախված է լինելու դրանում մուտքագրվող տվյալների որակից և բոլոր համապատասխան կողմերի՝ իրենց հայտնի տեղեկատվությունը կիսելու պատրաստակամությունից։
Փոխնախարարը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի 9-րդ հոդվածը նվիրված է հակամարտության ընթացքում անհետ կորած կամ բռնի անհետացման ենթարկված անձանց հարցին։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթուղթը նախատեսում է այդ հարցերի լուծում՝ առկա ամբողջ տեղեկատվության ուղղակի փոխանակման կամ, անհրաժեշտության դեպքում, համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով։
«Այս դրույթը հումանիտար համագործակցության համար կոնկրետ հիմք է ստեղծում։ Համապատասխան պետական մարմինների և նրանց հայ գործընկերների միջև կանոնավոր շփումները պետք է նպաստեն, որպեսզի տեղեկատվությունն օգտագործվի որոնողական աշխատանքների իրականացման, անձանց ինքնության հաստատման և ընտանիքներին պատասխաններ տրամադրելու համար», — ընդգծել է Ֆարիզ Ռզաևը։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։