ՄԱԿ-ում միաձայն ընդունվել է Հայաստանի հեղինակած բանաձևը

Հոկտեմբերի 6-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը (ՄԻԽ) միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած «Թվային տեխնոլոգիաների համատեքստում կանանց և աղջիկների իրավունքների խթանման և պաշտպանության նպատակով միջազգային համագործակցության ամրապնդումը» խորագրով բանաձևը:

  • Նախաձեռնող խումբ. Բանաձևը ներկայացվել է միջտարածաշրջանային խմբի՝ Հայաստանի, Էստոնիայի, Ռուանդայի, Ուրուգվայի, Սենեգալի, Շվեդիայի և Ղազախստանի կողմից: Փաստաթուղթը համահեղինակել են շուրջ 50 պետություններ:

Ինչու է դա կարևոր. Բանաձևը ձևավորում է միջազգային համագործակցության նոր շրջանակ՝ փոխկապակցելով մարդու իրավունքներն ու գենդերային հավասարությունը տեխնոլոգիաների և արհեստական բանականության (ԱԲ) հետ:

  • Խնդիրը. ԱԲ-ի և տեխնոլոգիաների խտրական նախագծումը, ոչ ներկայացուցչական տվյալներն ու ալգորիթմային կողմնակալությունը վերարտադրում և խորացնում են առկա անհավասարությունները:

  • Լուծումը. Փաստաթուղթն ուղղված է գենդերային թվային խզումները վերացնելուն, ԱԲ-ի կառավարման գործընթացում կանանց մասնակցությունն ընդլայնելուն և ալգորիթմային ռիսկերից պաշտպանելուն:

Դիվանագիտական հարթակում. Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Հասմիկ Տոլմաջյանն ընդգծել է, որ տեխնոլոգիական սրընթաց զարգացմանը զուգահեռ կանանց և աղջիկների իրավունքները պետք է մնան հավաքական ջանքերի կենտրոնում:

Նախաձեռնությունը արտացոլում է Հայաստանի հանձնառությունը թվային ոլորտում. երկրի տեխնոլոգիական սեկտորում կանանց ներկայացվածությունը զգալիորեն գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը:

Leave a comment