Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը նախազգուշացնում է Ուկրաինայից դուրս Ռուսաստանի կողմից հնարավոր հարձակումների մասին՝ նշելով, որ «նա ավելի լայն ծրագրեր ունի»։ Ըստ նրա՝ կոնկրետ սպառնալիքի տակ են Վրաստանը, Մոլդովան և Բալթյան երկրները, փոխանցում է Sova news-ը։

Պատերազմի սկսվելուց առաջ Մոսկվան լավ հարաբերություններ էր պահպանում Կիևի հետ, որևէ սպառնալիքի չէր բախվում և տարբեր երկրների, այդ թվում՝ Գերմանիայի հետ, ուներ մատակարարումների վերաբերյալ շահավետ պայմանագրեր, NTV հեռուստաալիքի եթերում ասել է Վադեֆուլը։ Սրանից ելնելով՝ Գերմանիայի ԱԳ նախարարը կարծում է, որ ապագայում Ռուսաստանը տարածքային պահանջներ կներկայացնի, որոնք դուրս կգան Ուկրաինայի դեմ պատերազմի շրջանակներից։ Դաշնային կառավարությունը պետք է ելնի այն հանգամանքից, որ այդ պահանջները կարող են ներառել Վրաստանը, Մոլդովան և Բալթյան երկրները։

Գերմանիան արդեն հիմա բախվում է Ռուսաստանի կողմից իրականացվող հիբրիդային հարձակումների, նշել է Վադեֆուլը։

«Հիշեք Լայպցիգում անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպերը»,- ասել է նա։

Մշտապես տեղի են ունենում նաև կիբերհարձակումներ։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարը դրանք դեռևս պատերազմ չի գնահատել, բայց հավելել է․ «Մենք չենք վարանի դա պատերազմ անվանել, եթե գործը հասնի դրան»։

Վադեֆուլը հղում է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին հայտարարություններին, որը Խորհրդային Միության փլուզումն անվանել էր XX դարի ամենամեծ աղետը։

«Եթե դա ամենամեծ աղետն էր, ապա, հավանաբար, նա ցանկանում է հետ շրջել այդ գործընթացը»,- նշել է գերմանացի  պաշտոնյան։

Վադեֆուլն ընդգծել է՝ քանի որ Բալթյան երկրները և՛ ԵՄ-ի, և՛ ՆԱՏՕ-ի անդամ են, Բեռլինը նույնպես նրանց կվերաբերվի որպես դաշնակցի։ Նա հավելել է, որ Գերմանիան իրեն հարձակման ենթարկված կհամարի ոչ միայն Գերմանիայի տարածքին հարված հասցնելու, այլև ՆԱՏՕ-ի այնպիսի դաշնակիցների սահմանները խախտելու դեպքում, ինչպիսիք են Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան կամ Լիտվան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment