Եկեղեցու ներքին կյանքի վերաբերյալ խորհրդարանական քննության նախաձեռնությունը պետք է դիտարկել որպես իրավասության սահմանների խնդրահարույց ընդլայնման փորձ․ Տեր Վրթանես

Սահմանադրության 88-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովն իրականացնում է օրենսդիր իշխանությունը, վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ։ Նույն հոդվածի 4-րդ մասը հստակ ամրագրում է, որ Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ 5-րդ մասը՝ որ Ազգային ժողովը գործում է իր Կանոնակարգին համապատասխան։

Այս դրույթներից բխում է հիմնարար սահմանադրական սկզբունք՝ Ազգային ժողովը չի կարող իր համար ստեղծել այնպիսի լիազորություն, որը Սահմանադրությամբ կամ օրենքով իրեն վերապահված չէ։

1. Քննիչ հանձնաժողովի իրավասությունը սահմանափակված է

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ քննիչ հանձնաժողովը ստեղծվում է՝ Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով։

Այսինքն՝ հանրային հետաքրքրությունը ինքնին բավարար չէ։

Պետք է առկա լինեն երկու պայմանները միասին. հարցը պետք է լինի հանրային հետաքրքրություն ներկայացնող, և առավել կարևոր՝ այն պետք է մտնի Ազգային ժողովի իրավասության մեջ։

Հետևաբար միայն այն հանգամանքը, որ Եկեղեցու վերաբերյալ որևէ հարց հանրային քննարկման առարկա է դարձել, ինքնաբերաբար չի նշանակում, որ այդ հարցը դառնում է ԱԺ քննիչ հանձնաժողովի իրավասության առարկա։

2. Օրենքն ուղղակիորեն արգելում է իրավասության սահմաններից դուրս գալ

Կանոնակարգի 23-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է․

«Քննիչ հանձնաժողովի գործունեությունը չի կարող դուրս գալ Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող հարցերի շրջանակից»։

Ավելին՝ նույն հոդվածի 3-րդ մասը նախատեսում է, որ այդ սահմանափակման խախտումը հիմք է Սահմանադրական դատարան դիմելու համար՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան։

Այսպիսով, օրենսդիրը ոչ միայն սահմանել է իրավասության սահմանը, այլև նախատեսել է սահմանադրական վերահսկողության մեխանիզմ, եթե այդ սահմանը խախտվում է։

3. Պետությունը և Եկեղեցին սահմանադրորեն տարանջատված են

Սահմանադրության 17-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը, իսկ կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից։

Միաժամանակ Սահմանադրության 18-րդ հոդվածը հատուկ կարգավիճակ է ճանաչում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ որպես ազգային եկեղեցու, և ճանաչում է նրա բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։

Հետևաբար պետական մարմինների և Եկեղեցու հարաբերությունները չեն կարող մեկնաբանվել այնպես, որ պետությունը ստանում է Եկեղեցու ներքին կյանքի նկատմամբ ընդհանուր քաղաքական կամ վարչական վերահսկողության իրավունք։

4. Օրենքն ուղղակիորեն սահմանում է պետության չմիջամտելու պարտականությունը

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածը նախատեսում է, որ պետությունը չի միջամտում եկեղեցու և կրոնական կազմակերպությունների՝ օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին։

Նույն դրույթը նաև արգելում է պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեությունը եկեղեցու և կրոնական կազմակերպությունների կառուցվածքում։

Սա հատկապես կարևոր է տվյալ հարցում։

Եթե քննարկվող հարցերը վերաբերում են Եկեղեցու ներքին կառավարմանը, հոգևորականների ծառայությանը, եկեղեցական կարգապահությանը, նվիրապետական հարաբերություններին կամ այլ ներքին կանոնական հարցերի, ապա անհրաժեշտ է նախ ցույց տալ այն կոնկրետ սահմանադրական կամ օրենսդրական նորմը, որով տվյալ հարցը վերապահված է Ազգային ժողովի իրավասությանը։

Առանց այդպիսի իրավական հիմքի քննիչ հանձնաժողովի գործունեությունը կարող է հայտնվել Կանոնակարգի 23-րդ հոդվածով սահմանված սահմանափակման ներքո։

5. Խորհրդարանական վերահսկողությունը չի նշանակում համընդհանուր վերահսկողություն

Սահմանադրության 88-րդ հոդվածում ԱԺ-ին վերապահված վերահսկողական լիազորությունը պետք է մեկնաբանվի իր սահմանադրական համատեքստում։

Սահմանադրական դատարանն իր նախադեպային դիրքորոշումներում արձանագրել է, որ Ազգային ժողովի խորհրդարանական վերահսկողության ձևերը կապված են օրենսդիր և գործադիր իշխանությունների փոխհարաբերությունների և իշխանությունների բաժանման սահմանադրական կառուցակարգի հետ։

Ուստի «խորհրդարանական վերահսկողություն» արտահայտությունը չի կարող մեկնաբանվել որպես Ազգային ժողովի կողմից հասարակական կյանքի ցանկացած ոլորտի կամ ցանկացած կազմակերպության գործունեությունը վերահսկելու անսահմանափակ իրավունք։

Հակառակ մեկնաբանությունը կվերածեր Սահմանադրությամբ սահմանված լիազորությունը չսահմանափակված քաղաքական վերահսկողության գործիքի։

6. Եզրակացություն

Եթե նախատեսվող քննիչ հանձնաժողովի իրական առարկան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական կառավարմանը կամ հոգևոր-եկեղեցական հարաբերություններին վերաբերող հարցերն են, ապա դրա նախաձեռնողները պարտավոր են նախ և առաջ ցույց տալ այդ հարցերի՝ Ազգային ժողովի իրավասության մեջ մտնելու կոնկրետ սահմանադրական կամ օրենսդրական հիմքը։

Այդպիսի հիմք գոյություն չունի, իսկ հիմքի բացակայությամբ հանձնաժողովի գործունեությունը հակասում է՝

ՀՀ Սահմանադրության 88-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասին, նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև պետության և կրոնական կազմակերպությունների տարանջատման սահմանադրական սկզբունքին։

Ուստի հարցը պետք է դրվի ոչ թե քաղաքական հռետորաբանության, այլ` սահմանադրական իրավասության հարթության վրա։

Որտե՞ղ է այն իրավական նորմը, որով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին վերապահված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին հարցերը քննող հանձնաժողով ստեղծելու և այդ հարցերի վերաբերյալ փաստեր հավաքելու, գնահատելու ու եզրակացություններ ներկայացնելու լիազորություն։

Եկեղեցու ներքին կյանքի վերաբերյալ խորհրդարանական քննության նախաձեռնությունը պետք է դիտարկել որպես իրավասության սահմանների խնդրահարույց ընդլայնման փորձ։

Հայաստանի Հանրապետությունը սահմանադրական պետություն է։

Իշխանության քաղաքական մեծամասնությունը չի կարող փոխարինել Սահմանադրությանը։

Եվ ոչ մի խորհրդարանական հանձնաժողով չի կարող ունենալ այնպիսի իրավասություն, որը Ազգային ժողովին չի տվել Սահմանադրությունը կամ օրենքը»։

Leave a comment