Հայաստանի նոր արբանյակի արձակումը նախատեսվել է 2028 թվականի վերջին կամ 2029 թվականի սկզբին, հայտարարել է բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը։
Նախարարն այս մասին հայտնել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակի կազմկոմիտեի մամուլի ասուլիսի ընթացքում։ Նա նշել է, որ ծրագրի նախատեսված ընթացքի պահպանման դեպքում արբանյակի արձակումը տեղի կունենա նշված ժամանակահատվածում, հայտնում է Sputnik Արմենիան:
Թադևոսյանը նաև հայտնել է, որ այս տարվա մրցանակի դափնեկիր է դարձել տիեզերական տեխնոլոգիաների մշակող, իրանական ծագմամբ ամերիկացի գիտնական Քամալ Ղաֆարյանը։ Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ հնարավոր է համարվել նրա հետ ապագա համագործակցության ծրագրերի քննարկումը։ Ղաֆարյանի Հայաստան կատարելիք այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ համալսարաններում, ինչպես նաև Երևանի Ինժեներական քաղաքում։
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում վարչապետի մրցանակը, որը մինչև 2018 թվականը հայտնի է եղել որպես նախագահի մրցանակ, շնորհվում է ամեն տարի 2009 թվականից ի վեր։
Հայաստանն իր առաջին տիեզերական արբանյակը՝ «Արմսաթ-1»-ը, տիեզերք է արձակել 2022 թվականին։ Այն հավաքվել է Իսպանիայում և ուղեծիր է դուրս բերվել SpaceX-ի միջոցով։ Մեկ տարի անց տիեզերք է արձակվել նաև «Հայասաթ-1» փոքր արբանյակը, որը հավաքվել և փորձարկվել է հայ մասնագետների կողմից։