Ֆրանսիայի պարտքային ճգնաժամը կարող է ցնցել ամբողջ Եվրոպան

Ֆրանսիայի պետական պարտքը մոտենում է լուրջ ճգնաժամի․ երկրի 10-ամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությունը հասել է 4,9%-ի՝ առավելագույն մակարդակին 2002 թվականից ի վեր, իսկ դրանց և Գերմանիայի համանման Bund-երի եկամտաբերությունների տարբերությունը հասել է 152 բազիսային կետի՝ 15 տարվա առավելագույնին։ Ֆիսկալ խնդիրները համընկել են քաղաքական անկայունության, էներգետիկ շոկի և թույլ տնտեսական աճի հետ՝ մեծացնելով մտավախությունները, որ Ֆրանսիայի պարտքային խնդիրները կարող են տարածվել ամբողջ Եվրոպայում։

Ֆրանսիայի պետական պարտքը մոտեցել է ՀՆԱ-ի 120%-ին՝ գրեթե կրկնակի գերազանցելով Գերմանիայի ցուցանիշը։ 2026 թվականի բյուջեի պակասուրդը, ըստ կանխատեսումների, կկազմի ՀՆԱ-ի 5.4%-ը՝ զգալիորեն գերազանցելով ԵՄ-ի Մաաստրիխտյան 3% չափանիշը, իսկ 2027 թվականի համար կառավարությունը նախատեսում է այն նվազեցնել ընդամենը մինչև 5%։ Ֆրանսիայի Բարձրագույն պետական ֆինանսների խորհուրդը (HCFP) քննադատել է նաև կառավարության տնտեսական աճի կանխատեսումները․ իշխանությունները 2027-ին ակնկալում են 1% աճ, մինչդեռ OECD-ի կանխատեսումը 0.7% է։ Պետական պարտքի սպասարկման տարեկան ծախսերն արդեն հասնում են 80–90 մլրդ դոլարի՝ գերազանցելով պաշտպանության կամ կրթության համար հատկացվող միջոցները։

Ֆրանսիական պարտատոմսերի նկատմամբ ներդրողների վստահության նվազումն արդեն տարածվում է եվրոպական մյուս շուկաների վրա։ Ֆրանսիական արժեթղթերի անկմանը հետևել են Իտալիայի, Բելգիայի, Իսպանիայի և Հունաստանի պարտատոմսերը։ Bloomberg-ի տվյալներով՝ համաշխարհային ֆիքսված եկամտով ակտիվների որոշ ֆոնդեր սկսել են ամբողջությամբ փակել ֆրանսիական պետական պարտատոմսերում իրենց դիրքերը, իսկ հեջ-ֆոնդերը կրճատում են լծակով գործարքները։ Ճնշման տակ է հայտնվել նաև եվրոն, որի փոխարժեքը նվազել է մինչև $1,1161՝ հասնելով 2025 թվականի մայիսից ի վեր նվազագույն մակարդակին։

Իրավիճակը բարդացնում է էներգետիկ շոկը։ Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը և Հորմուզի նեղուցով մատակարարումների խափանումները բարձրացրել են էներգակիրների գները՝ ուժեղացնելով ծախսային գնաճը։ Սա սահմանափակում է Եվրոպական կենտրոնական բանկի՝ տոկոսադրույքները նվազեցնելու հնարավորությունները։ Ֆրանսիայի համար բարձր տոկոսադրույքները նշանակում են հսկայական պետական պարտքի ավելի թանկ վերաֆինանսավորում, ինչն իր հերթին մեծացնում է տոկոսային ծախսերը, բյուջեի պակասուրդը և նոր պարտք ներգրավելու անհրաժեշտությունը։

Ֆիսկալ ճգնաժամի լուծումը դժվարացնում է նաև քաղաքական իրավիճակը։ Կառավարությունը խորհրդարանում կայուն մեծամասնություն չունի, իսկ ծախսերի կրճատման փորձերը բախվում են քաղաքական դիմադրության և փողոցային բողոքների։ Շուկաների համար լրացուցիչ անորոշություն են ստեղծում 2027 թվականի նախագահական ընտրությունները և այն հավանականությունը, որ գործող քաղաքական հավասարակշռությունը կարող է փոխվել։

Իրավիճակը գնալով ավելի հաճախ է համեմատվում 2010-ականների սկզբի Հունաստանի պարտքային ճգնաժամի հետ, սակայն Ֆրանսիայի դեպքում ռիսկերի մասշտաբը շատ ավելի մեծ է։ Ֆրանսիան ԵՄ երկրորդ խոշորագույն տնտեսությունն է, իսկ նրա պարտքային շուկան այնքան մեծ է, որ եվրոպական ֆինանսական աջակցության գործող մեխանիզմները կարող են բավարար չլինել լայնածավալ ճգնաժամի դեպքում։ ԵԿԲ-ն կարող է կիրառել Տրանսմիսիայի պաշտպանության գործիքը (TPI) կամ մեղմել քանակական խստացման քաղաքականությունը, սակայն նման քայլերը սահմանափակված են ֆիսկալ կարգապահության պահանջներով և եվրոգոտում գնաճի նոր ալիքի ռիսկով։

Բարձր պետական պարտքի, թանկ էներգակիրների, բարձր տոկոսադրույքների և ներքաղաքական բևեռացման համադրությունը Ֆրանսիան ավելի խոցելի է դարձրել շուկայական ցնցումների նկատմամբ։ Առանց պետական ծախսերի կառուցվածքային վերանայման և ֆիսկալ բարեփոխումների պարտքային ճնշումը կարող է խորանալ՝ վտանգներ ստեղծելով ոչ միայն Ֆրանսիայի, այլև եվրոգոտու ֆինանսական կայունության համար։

Leave a comment