ԱԺ-ն կողմ է քվեարկել ՀԱԵ հանձնաժողովի անդաﬓերի թիվը սահմանող նախագծին (PAN.am)

ԱԺ-ն կողմ է քվեարկել ՀԱԵ խնդիրների հարցով քննիչ հանձնաժողովի անդաﬓերի թիվը սահմանելու նախագծին: Այս նախաձեռնությունը ևս ընդունվել է 62 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով։

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում ՀԱԵ բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող» քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու վերաբերյալ նախագիծը ներկայացրել է ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։

«Ինչ-որ իրավունքի տեսանկյունից եկեղեցին դարձնում է սահմանադրական մարմին, ինչպես բոլոր այն մարմինները որոնց անունները նշված են Սահմանադրության մեջ և որոնց վերաբերյալ իրավահարաբերությւոնները կարգավորվում են առանձնահատուկ օրենսդրությամբ»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Եղոյանը հայտնել է, որ նախագծով առաջարկվել է հանձնաժողովում ընդգրկել 11 անդամ, որոնցից 7-ը ներկայացնելու են ՔՊ-ն, 3-ը՝ «Ուժեղ Հայաստանը», իսկ 1-ը՝ «Հայաստանը»։

Ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներ Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը, սակայն, հայտարարել են, որ չեն մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին։

ՔՊ-ական պատգամավորը հիշեցրել է, որ Սահմանադրության 18-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված է պետության և ՀԱԵ միջև հարաբերությունները կարգավորել օրենքով, որով սահմանվել են նաև մի շարք իրավունքներ։

Եղոյանի խոսքով՝ եկեղեցին և Կաթողիկոսն ունեն իրավունքներ, որոնք այլ կրոնական ուղղություններ չունեն։ Նա նշել է, որ այդ իրավունքներին հայելային կերպով պետք է համապատասխանեն նաև պատասխանատվությունն ու դրա ապահովման գործիքները։

Պատգամավորը հայտարարել է, որ եկեղեցին հատել է պետության և եկեղեցու սահմանազատման գիծը, զբաղվել քաղաքականությամբ, իսկ այժմ պնդում է, որ այդ սահմանը չպետք է հատվի։

«Այդ գիծն արդեն հատել է Հայ Առաքելական եկեղեցին և նրա փաստացի պետը»,- հայտարարել է ՔՊ-ական պատգամավորը:

Նա նշել է, որ հանձնաժողովը կզբաղվի Եկեղեցու բարեվարքության խախտումների, ֆինանսական տեղեկատվության թափանցիկության, ինքնակառավարման համատեքստում հոգևոր բարձրագույն մարմնի և ժողովների հրավիրման, գույքային հարցերի, ինչպես նաև բարձրաստիճան հոգևորականների՝ քաղաքականությամբ զբաղվելու դեպքերի ուսումնասիրությամբ։

Ընդունվել է նաև հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու նախագիծն առաջին ընթերցմամբ՝ 62 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով։ Նախագծով նախատեսվում է խորհրդանշական մեկ օրվա միջոցով ընդգծել հանրային ծառայողի առանցքային նշանակությունը պետական կառավարման արդյունավետությունը բարձրացնելու և հանրային շահը սպասարկելու գործում։

Հրապարակվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը: Նշվում է, որ զեկույցի պատրաստումը բխում է ՀՀ կառավարության 2026–2031 թթ. ծրագրից և պատրաստվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ: Զեկույցը պատրաստվել է «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

Որպես առաջին քայլ առաջարկվում է Բարենորոգման համակարգող խմբի ձևավորում՝ հոգևորականների և աշխարհականների մասնակցությամբ, և դրա կազմի ընդլայնման ընթացակարգի հրապարակում, որպես երկրորդ քայլ՝ ՀԱԵ «փաստացի պետի հեռացում»:

Leave a comment