Ավարտվեց «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը, որն այս տարի արդեն 10-րդ անգամ մեկ հարթակում համախմբեց Հայաստանի ճարտարագիտության ոլորտի մասնագետներին, պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, գիտահետազոտական և կրթական հաստատություններին, միջազգային գործընկերներին, ինչպես նաև ճարտարագիտական ընկերություններին։
Հոկտեմբերի 2–4-ը Երևանում և Վանաձորում անցկացված «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը մեկնարկեց հանդիսավոր բացման արարողությամբ, որին հաջորդեցին թեմատիկ պանելային քննարկումներ ու բանախոսություններ, ճարտարագիտական և բարձր տեխնոլոգիական ցուցահանդես, մասնագիտական շրջայցեր:։
Այս տարվա միջոցառման խորագիրն էր «Ֆիզիկական ԱԲ․ ճարտարագիտական բանականությունն իրական աշխարհում» (Physical AI: Engineering Intelligence for the Real World)։ Երեք օրերի ընթացքում քննարկումների և ցուցադրությունների առանցքում էր արհեստական բանականության՝ թվային միջավայրից դեպի ֆիզիկական համակարգեր անցումը և այդ ուղղությամբ նորարարական տեխնոլոգիական լուծումների զարգացումը։
Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝ անդրադառնալով Հայաստանի և ԵՄ-ի միջև տեխնոլոգիական համագործակցությանը, նորարարական էկոհամակարգի զարգացմանը և միջազգային տեխնոլոգիական ու ինժեներական գործընկերություններում Հայաստանի ներուժին։
Բացման շրջանակում ելույթ ունեցավ նաև «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը՝ ընդգծելով ճարտարագիտության և բարձր տեխնոլոգիաների դերը Հայաստանի զարգացման, նորարարության խթանման և համաշխարհային տեխնոլոգիական միջավայրում երկրի դիրքավորման գործում։ «Այսօր AI-ը տեխնոլոգիական զարգացման նոր փուլ է ձևավորում, իսկ Ֆիզիկական ԱԲ-ն դրա կարևոր դրսևորումներից է, որտեղ արհեստական բանականությունը, ինժեներական մտածողությունն ու առաջատար տեխնոլոգիաները միավորվում են՝ իրական աշխարհի խնդիրների համար նոր լուծումներ ստեղծելու նպատակով։ Հայաստանի համար սա բացառիկ հնարավորություն է՝ օգտագործելու մեր ինժեներական և գիտական ներուժը, ձևավորելու նոր աշխատատեղեր, մուտք գործելու համաշխարհային շուկաներ և ներկայանալու ոչ միայն որպես տեխնոլոգիաներ օգտագործող, այլև բարդ տեխնոլոգիական խնդիրներ լուծող երկիր։ «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթը» այդ համագործակցության հարթակներից է, որտեղ ձևավորվում են նոր գաղափարներ, կապեր և համագործակցություններ», – նշեց Բագրատ Ենգիբարյանը։
Բացման արարողությանը հաջորդեցին միջազգային փորձագետների բանախոսություններ և Ֆիզիկական ԱԲ-ին նվիրված ճարտարագիտական պանելային քննարկումներ, անդրադարձ կատարվեց գիտության, ինժեներության և նորագույն տեխնոլոգիաների փոխկապակցվածությանը։
Առաջին օրվա ծրագրի կարևոր բաղադրիչներից էր նաև ճարտարագիտական և բարձր տեխնոլոգիական ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին հայաստանյան ճարտարագիտական ընկերությունների նորարարական տեխնոլոգիաներն ու արտադրանքը։ Ցուցադրության հատուկ մասնակիցն էր G1 հումանոիդ ռոբոտը՝ Ջիվանը, որի կենդանի ներկայացման միջոցով ցուցադրվեց, թե ինչպես է Ֆիզիկական ԱԲ-ն կիրառվում ֆիզիկական համակարգերում և ինչ նոր հնարավորություններ է ստեղծում խելացի արտադրության համար։
Հայաստանում Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գուրգեն Մարդոյանը նշեց, որ արհեստական բանականության զարգացումը պետք է ուղեկցվի դրա կիրառությունից ստացվող շոշափելի արդյունքով․ «Նոր մարտահրավերը, ինչպես տեսնում ենք թվային աշխարհում, արհեստական բանականության կիրառելիությունն է, քանի որ կազմակերպությունները մեծ ներդրումներ են անում, բայց իրական չափելի օգուտներ քչերն են ստանում։ Կարծում եմ՝ Ֆիզիկական ԱԲ-ի հետ նույնն է լինելու, հետևաբար հիմնական խնդիրն է արհեստական բանականության միջոցով վերաիմաստավորել մեր գործընթացները՝ փոխել դրանք, կատարելագործել և շոշափելի օգուտներ ստանալ», – նշեց Գուրգեն Մարդոյանը։
«Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ»-ի երկրորդ օրը ևս ներառեց ճարտարագիտական և բարձր տեխնոլոգիական ցուցադրություններ, թեմատիկ պանելային քննարկումներ, աշխատարաններ և շրջայցեր՝ հնարավորություն տալով մասնակիցներին ավելի խորությամբ ծանոթանալու Հայաստանի ինժեներական և տեխնոլոգիական էկոհամակարգին։
Շրջայցերի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան այցելելու գիտության և տեխնիկայի ու Տիեզերքի թանգարաններ, ինչպես նաև արտադրական տարածքներ՝ ծանոթանալու ինժեներական ու տեխնոլոգիական լուծումներին և տեսնելու, թե ինչպես են գաղափարները վերածվում իրական արտադրանքի ու կիրառական լուծումների։
«Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ի եզրափակիչ օրը՝ հոկտեմբերի 4-ին, միջոցառումները շարունակվեցին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։ Օրվա ծրագրում ընդգրկված էին բանախոսություններ, պանելային քննարկումներ և աշխատարաններ՝ գիտության, տեխնոլոգիաների և ճարտարագիտության տարբեր ուղղություններում երիտասարդության դերի և ներգրավվածության վերաբերյալ։
«Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ի երրորդ օրը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում իր ողջույնի խոսքի ընթացքում Ինժեներական ասոցիացիայի նախագահ Արամ Սալաթյանն անդրադարձավ ինժեներության և արվեստի փոխկապակցվածությանը՝ ընդգծելով ստեղծագործական մտածողության և նորարարության կարևորությունը ինժեներական խնդիրների լուծման ու նոր տաղանդների զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Հայաստանը կարողանում է արդյունավետորեն լուծել ինժեներական խնդիրներ, սակայն հաջորդ քայլը ստեղծագործելու, երևակայելու, նորարարություններ մշակելու և դրանք գործնականում կիրառելու հնարավորություններ ստեղծելն է։ «Մենք պետք է կարողանանք երևակայել, ստեղծագործել, նորարարություններ մշակել և դրանք կիրառել պրակտիկայում, իսկ նոր տաղանդների զարգացման գործում պետք է ներդնենք նաև արվեստը, որ կարողանանք նորարարություններ իրականացնել։ Այսօր Հայաստանում մենք պետք է կերտենք այդ հնարավորությունները», – նշեց Արամ Սալաթյանը։
Երեք օրերի ընթացքում «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը մեկ հարթակում համախմբեց միջազգային փորձը, ճարտարագիտական վարպետությունն ու իրական աշխարհում կիրառվող տեխնոլոգիաները՝ ստեղծելով փորձի փոխանակման, նոր կապերի ձևավորման և համագործակցության հնարավորություններ։
Միջոցառումը ևս մեկ անգամ ընդգծեց Հայաստանի ինժեներական ներուժի, գիտության, կրթության, բիզնեսի և միջազգային գործընկերների միջև համագործակցության կարևորությունը՝ ձևավորելով հարթակ, որտեղ նոր գաղափարները կարող են վերածվել կիրառելի և մրցունակ տեխնոլոգիական լուծումների։
Տասնամյա պատմություն ունեցող «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթը» շարունակում է համախմբել ոլորտի մասնագետներին և նպաստել Հայաստանի ինժեներական ու բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանն ու միջազգային տեսանելիության ընդլայնմանը։