Բաքուն ու Իսլամաբադը սերտացնում են ռազմական կապերը․ Ադրբեջանի ՌԾՈՒ հատուկ ջոկատայինները զորավարժություններ են անցկացրել Պակիաստանում

Ադրբեջանն ու Պակիաստանը շարունակում են հետևողականորեն ընդլայնել ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությունը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտնել է, որ երկրի Ռազմածովային ուժերի (ՌԾՈՒ) հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները մասնակցել են Պակիաստանում անցկացված հատուկ գործողությունների ուժերի համատեղ զորավարժություններին։

Ադրբեջանական ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ վարժանքներն իրականացվել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև ստորագրված աշխատանքային խմբի 12-րդ հանդիպման արձանագրության շրջանակներում։

Պակիաստանի Կարաչի քաղաքում անցկացված զորավարժությունների ընթացքում երկու երկրների հատուկ ջոկատայինները մարտականին առավելագույնս մոտ պայմաններում կատարել են պայմանական ահաբեկչական խմբավորումների կողմից զավթված նավի ազատագրման, պատանդների փրկության, ինչպես նաև ստորջրյա-ջրասուզական հատուկ առաջադրանքներ։

Ադրբեջանական կողմը շեշտում է, որ միջոցառման հիմնական նպատակն է եղել հատուկ գործողությունների ոլորտում փորձի փոխանակումը, գործնական հրաձգության և ծովային մարտավարական քայլերի հարմարեցումը իրական մարտական իրավիճակներին, ինչպես նաև հակաահաբեկչական գործողություններում երկու երկրների զինվորականների փոխգործակցության ապահովումը։

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment