Վարչապետն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ընթացիկ ծրագրերը և առաջիկա նախագծերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին, քննարկել ընթացիկ ծրագրերին և առաջիկա նախագծերին առնչվող հարցեր:

ՀՀ վարչապետը շնորհավորել է դիվանագետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացումն ու ընդլայնումը։

Ֆլորիան Էսկյուդիեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ գործադրելու է բոլոր ջանքերը՝ Հայաստան–Ֆրանսիա բազմոլորտ համագործակցությունը հետևողականորեն ամրապնդելու նպատակով։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակվել տնտեսական հարաբերությունների զարգացման, ենթակառուցվածքների, ջրային ռեսուրսների կառավարման և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի շուրջ։

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստան–Եվրոպական միություն փոխգործակցության ընթացքին և տարածաշրջանային նշանակություն ունեցող այլ հարցերի։

Leave a comment