Քաղաքացիների կողմից թվային ռուբլու բացված հաշիվների թիվը սեպտեմբերի 1-ից՝ նախագծի լայնածավալ գործարկումից հետո մեկ ամսում գերազանցել է 220 հազարը։ Այս մասին «FinTech x10» ֆորումում հայտարարել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Զուլֆիա Կահրումանովան։
Թվային ռուբլին Ռուսաստանի ազգային արժույթի երրորդ ձևն է, որը Ռուսաստանի Կենտրոնական բանկը թողարկում է դրամական միջոցների արդեն գոյություն ունեցող ձևերին՝ կանխիկ և անկանխիկ ռուբլուն զուգահեռ։ ԿԲ-ն թվային ռուբլու փորձնական ծրագիրն իրականացրել է 2023 թվականի օգոստոսի կեսերից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը։ Փորձնական փուլի ընթացքում բացվել էր 5 հազար հաշիվ։
«Առաջին ամսվա ընթացքում մենք ունենք ավելի քան 220 հազար հաշիվ, այսինքն՝ մեր քաղաքացիները բաց են նոր հնարավորությունների համար, նրանց հետաքրքրում են գործարքները: Մինչև այս տարվա վերջ հաշիվների բացման վերաբերյալ մեր կանխատեսումները շատ զգուշավոր էին․ մենք կարծում էինք, որ դրանց թիվը կկազմի մոտ 60 հազար։ Մենք կողմնորոշվել էինք այն ցուցանիշներով, որոնք արձանագրվել էին Արագ վճարումների համակարգի միջոցով գործարքների իրականացման ժամանակ, և որոշակի ճշգրտում էինք կատարել՝ հաշվի առնելով հաճախորդների վարքագծի փոփոխությունը։ Ի վերջո, Արագ վճարումների համակարգի դեպքում բավական է բջջային հավելվածում ընտրել փոխանցում կամ վճարում ԱՎՀ-ի միջոցով, մինչդեռ այստեղ անհրաժեշտ է բացել թվային ռուբլու հաշիվ», – ասել է Կահրումանովան։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1-ից Ռուսաստանում մեկնարկել է թվային ռուբլու նախագծի լայնածավալ գործարկումը։ Խոշորագույն բանկերը՝ համակարգային նշանակություն ունեցող և վճարային ծառայությունների շուկայում նշանակալի դեր ունեցող բանկերը, ինչպես նաև նրանց հաճախորդները՝ նախորդ տարվա ընթացքում ավելի քան 120 մլն ռուբլի շրջանառություն ունեցող առևտրային ընկերությունները, իրենց հաճախորդներին սկսել են հնարավորություն տրամադրել ազգային թվային արժույթով գործարքներ իրականացնելու համար։
Շուկայի այն մասնակիցների համար, որոնք կմիանան երկրորդ փուլին՝ համընդհանուր լիցենզիա ունեցող վարկային կազմակերպությունների և նրանց հաճախորդ հանդիսացող՝ տարեկան ավելի քան 30 մլն ռուբլի շրջանառություն ունեցող առևտրային ընկերությունների համար, այդ պարտավորությունն ուժի մեջ կմտնի 2027 թվականի սեպտեմբերի 1-ից։
Բազային լիցենզիա ունեցող բանկերի և տարեկան 20-30 մլն ռուբլի շրջանառություն ունեցող առևտրային ընկերությունների համար այդ պարտավորությունը կգործի 2028 թվականի սեպտեմբերի 1-ից։