44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների հարազատներն ու հասարակական գործիչները դիմում են ներկայացրել ՀՀ Ազգային ժողով՝ պահանջելով հրապարակել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրած ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը։
ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը 2025 թվականի հոկտեմբերի 1-ին հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը սահմանված ժամկետի խախտման պատճառով չի ընդգրկվելու ԱԺ լիագումար նիստերի օրակարգում, սակայն քննարկվելու են այն ներկայացնելու այլ ձևաչափեր։ Հոկտեմբերի 6-ին հայտնի է դարձել, որ զեկույցը չի հանրայնացվելու։ Ալեն Սիմոնյանը որոշել է այն ուղարկել խորհրդարանի առաջին բաժին, որտեղ պահպանվում են գաղտնի փաստաթղթերը։
Դիմումները հասցեագրվել են Ազգային ժողովի նոր նախագահին, Անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանին և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին։ Դիմումատուները պահանջել են, որ խորհրդարանում նախ կազմակերպվեն հանրային քննարկումներ ու լսումներ, որից հետո հրապարակվի պատերազմի հանգամանքներին վերաբերող զեկույցը, հայտնում է Sputnik Արմենիան:
Քաղաքացիական ակտիվիստ Միքայել Մարգարյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրել է, որ նախորդ գումարման Ազգային ժողովից ևս պահանջել են փաստաթուղթը հասանելի դարձնել հանրությանը, սակայն այդ պահանջը պատշաճ արձագանք չի ստացել։
«Զեկույցը, ինչպես գիտենք, անցած տարի գաղտնիացվել է։ Հիմա նորից՝ նոր Ազգային ժողովից պահանջում ենք, որպեսզի լինեն լսումներ, հանրային լսումներ լինեն, և զեկույցը հանրայնացվի։ Պարտադիր պահանջը դա է»,- ասել է Մարգարյանը։
Նրա խոսքով՝ դիմում ներկայացրած անձինք ակնկալում են, որ նոր խորհրդարանը գնահատական կտա նաև նախորդ ԱԺ-ի վերաբերմունքին և զեկույցի հրապարակման վերաբերյալ որոշում կընդունի։ Մարգարյանը հիշեցրել է, որ նախկինում հանրությանը խոստացվել է փաստաթուղթը հասանելի դարձնել, սակայն մինչ օրս այն չի հրապարակվել։
«Հույս ունենանք՝ որոշում կկայացնեն հանրայնացնել այդ զեկույցը և հայտնել ճշմարտությունը։ Ըստ այդմ՝ արդեն կհասկանանք, թե ինչու նախորդ Ազգային ժողովն այս կերպ վարվեց, ինչու բոլորին խոստացան, որ լինելու է հանրային, բայց հանրային չէ մինչ այսօր»,- նշել է նա։
Մարգարյանն ընդգծել է, որ իրենց համար զեկույցի հրապարակումը միայն անցյալում տեղի ունեցած իրադարձություններին գնահատական տալու խնդիր չէ։ Նրանք ցանկանում են պատասխաններ ստանալ պատերազմի պատճառների, ընթացքի և հետևանքների վերաբերյալ։
Նա նաև շեշտել է, որ հիմնական ակնկալիքն ընդդիմադիր ուժերից է, թեև դիմում են ներկայացրել խորհրդարանական բոլոր ուժերին։ Մարգարյանի խոսքով՝ նույնիսկ եթե զեկույցի հրապարակմամբ հնարավոր լինի ստանալ կատարվածի մասին տեղեկությունների միայն մի մասը, դա կարևոր նշանակություն կունենա պատերազմի հանգամանքները հասկանալու համար։
44-օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը, զեկույցի հրապարակումն առաջին հերթին համարել է պատերազմի վերաբերյալ ճշմարտությունը պարզելու հնարավորություն։ Նրա գնահատմամբ՝ իշխանությունը, որը պնդում է, որ երկիրը ճիշտ ճանապարհով է տանում, պետք է նաև շահագրգռված լինի պատերազմի հանգամանքների ամբողջական բացահայտմամբ։
«Եթե մարդիկ ուզում են իրենց ճիշտն ապացուցել, որ իրենք մաքուր, ճիշտ մարդիկ են, այս հարցում դավաճանություն չեն ունեցել, ապա ո՞վ պետք է դեմ լինի իրականությունն ու ճշմարտությունն իմանալուն»,- հավելել է Ղուկասյանը։
Ղուկասյանի համոզմամբ՝ պատերազմի հանգամանքների բացահայտմանը խոչընդոտելը միայն խորացնելու է զոհվածների և անհետ կորածների ընտանիքների կասկածները։
«Ով արդար է, մաքուր է, ինքը պետք է ուզենա, որ սա պարզվի, մարդիկ իմանան իսկությունը, իրականությունը»,- ընդգծել է նա
Ղուկասյանը նաև խիստ գնահատական է տվել նրանց, ովքեր, իր կարծիքով, կփորձեն խոչընդոտել փաստաթղթի հրապարակմանը՝ նշելով, որ ճշմարտության բացահայտմանը դեմ գնացող ցանկացած անձ իրենց մոտ կասկածներ է առաջացնում։
Հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը հարցը դիտարկել է ավելի լայն՝ պետականության և պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի համատեքստում։ Նրա խոսքով՝ զեկույցի հրապարակման պահանջը չպետք է ընկալվի որպես որևէ կոնկրետ անձի դեմ ուղղված գործողություն։
«Մեր խնդիրը ոչ թե ինչ-որ անձին թիրախավորելն է, այլ իրականում խնդիրը բարձրաձայնելը։ Նորից եմ կրկնում՝ ինչի՞ց մենք հաղթանակած պետությունից դարձանք մի ժողովուրդ, մի հասարակություն, որն անորոշ սպասում է իր ճակատագրին»,- ասել է Գևորգյանը։
Նրա գնահատմամբ՝ պատերազմի հանգամանքների բացահայտումն առնչվում է ամբողջ պետությանը, հետևաբար իշխող ուժի ներկայացուցիչները ևս պետք է շահագրգռված լինեն բարձրացված հարցերի պատասխանները ստանալու հարցում։
2026 թվականի մայիսին Հայաստանում ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած անձանց հարազատները հիմնել են Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիան։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ 1988-2005 թվականներին հայկական կողմից անհետ կորած է համարվել 437 մարդ, որոնցից 224-ը զինծառայող է, իսկ 213-ը՝ խաղաղ բնակիչ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում 191 մարդ։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո Ստեփանակերտի նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո անհետ կորած է համարվում ևս 22 մարդ։