Գործ չունենք դիվերսիայի հետ, տվյալ զինծառայողը կատարել է ակնհայտ հանցագործություն. Ռուբինյանը՝ Շաքիի դեպքի մասին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանն ամենամեծ սահմանն է, որ Հայաստանն ունի, նաև սահմանազատված է մասնակիորեն, խրամատավորված սահման է: Տարիների ընթացքում մշտապես եղել են դեպքեր, երբ երկու կողմերի զինծառայողներն այս կամ այն պատճառով պատահաբար, կամ դասալիք հանդիսանալով անցել են մյուս կողմը»,-լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Շաքիի դեպքին՝ ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Ռուբինյանի խոսքով՝ հատկապես վերջին շրջանում, երբ հաստատված է խաղաղություն՝ կողմերը միմյանց վերադարձրել են միմյանց զինծառայողներին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ օրինակ՝ այդ զինծառայողները չեն ուզել կամ եղել է հանցագործություն. «Այս դեպքում պետք է պարզվի՝ այդ զինծառայողն ինչ պայմաններում է հայտնվել ՀՀ տարածքում, բայց ակնհայտ է, որ գործ չունենք դիվերսիայի հետ, որովհետև եթե գործ ունենայինք դիվերսիայի հետ՝ ադրբեջանական կողմը նախապես չէր տեղեկացնի հայկական կողմին, որ մեր մոտից զինծառայող է կորել, կարող է ձեր մոտ է հայտնվել: Լավ լուրն այն է, որ մենք գործ չունենք նպատակաուղղված Ադրբեջանի կողմից դրդված ներխուժման հետ, գործ ունենք անհատ զինծառայողի ՀՀ սահմանն ապօրինի հատելու հետ: Հատելուց հետո տվյալ զինծառայողը կատարել է ակնհայտ հանցագործություն, որովհետև մտել է մարդկանց տուն, կրակել է մարդկանց վրա, սա հանցագործություն է և դրա համար զինծառայողը ձերբակալված է և առաջադրված է մեղադրանք: Ընդդիմությունը չեմ հասկանում՝ ինչի հետ է կռվում: Պետք է հիմա մեր արդարադատությունն աշխատի: Ինձ մոտ տպավորություն է, որ մեր ընդդիմադիր գործընկերները շատ ուրախ են, որ այս միջադեպը եղել է, որովհետև իրենց ձեռքում հայտնվել է կռվան, որ ասեն՝ սա է ձեր խաղաղությունը: Տվյալ դեպքում սուբյեկը ոչ թե Ադրբեջանն է, այլ Ադրբեջանից իր զինծառայության վայրն ապօրինի լքած, մեր տարածքում հայտնված, հետո հանցագործություն կատարած անձը»:
Ըստ Ռուբինյանի՝ սա չի նշանակում, որ սահմանային հավելյալ վախերի պատճառ կա. «Մեր սահմանները հնարավորինս կայուն են, ունենք իրավիճակ, երբ արդեն 2 տարի ու կես մեր սահմաններին չի եղել գեթ մեկ զոհ, ունենք սահմանազատված հատված, որն այս առումով մեր սահմանի ամենաապահով մասն է: Երբ կունենանք ամբողջությամբ սահմանազատված սահման և որը կհսկեն սահմանապահները, դա կբերի նման դեպքերի իսպառ բացառման»: