Արտերկրի բժշկի երկրորդ կարծիք՝ առցանց․ Հայաստանում ներկայացվել են ուռուցքաբանության նոր լուծումներ (տեսանյութ)
Բժշկական բարդ դեպքերի համար արտերկրի մասնագետի երկրորդ կարծիքը ստանալու նպատակով այլևս պարտադիր չէ մեկնել։ «Մեդ Քեյր Արմենիայի» նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը ներկայացվել է TeleMed նոր թվային հարթակը, որը հնարավորություն է տալիս բժշկական փաստաթղթերն ու հետազոտությունների արդյունքները փոխանցել միջազգային մասնագիտական ցանցի բժիշկներին և ստանալ անկախ մասնագիտական կարծիք։
Մասնագիտական ցանցում ներառված են տարբեր երկրների մասնագետներ՝ Ֆրանսիայից, Բելգիայից, Շվեյցարիայից և ԱՄՆ-ից։
Հանդիպման ընթացքում Հայաստանում առաջին անգամ ներկայացվել է նաև ֆոտոբիոմոդուլյացիոն թերապիան՝ կարմիր և ինֆրակարմիր լույսի կիրառմամբ մեթոդ, որը, ըստ մասնագետների, կարող է օգտագործվել քաղցկեղի բուժման հետևանքով առաջացող կողմնակի ազդեցությունների և տոքսիկության նվազեցման համար։
«Սա նորարարական տեխնիկա է, որը կանխարգելում ու բուժում է քաղցկեղի բուժման հետևանքով առաջացած կողմնակի ազդեցությունները՝ ռադիոթերապիայի, քիմիաթերապիայի և իմունոթերապիայի դեպքում»,- ասաց բժիշկ Ֆուադ Կերբաժը։
Մեկ սեանսը, կախված տոքսիկության աստիճանից, կարող է տևել 5-15 րոպե։ Մասնագետների ներկայացմամբ՝ մեթոդը կիրառվում է նաև բժշկության այլ ոլորտներում։
Ներկայացված տվյալների համաձայն՝ ֆոտոբիոմոդուլյացիան ուսումնասիրվում է նաև ցավի կառավարման, վերքերի լավացման և հակաբորբոքային ազդեցության ուղղություններով։
Հանդիպմանը մասնակցել են հայաստանյան ուռուցքաբաններ, քիմիաթերապիայի մասնագետներ և առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ։
Մանրամասները՝ տեսանյութում։